Նիկոլ Փաշինյանը չորս անգամ հանդիպել է Վլադիմիր Պուտինին
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանը չորս անգամ հանդիպել է Վլադիմիր Պուտինին

Կառավարությունը 2021 թվականի աշխատանքների մասին նոր հաշվետվություն է ներկայացրել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ առանձին բլոկ հատկացված է արտաքին քաղաքականության ոլորտին:

Նշվում է, որ 2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետը չորս անգամ երկկողմ հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, չորս անգամ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու, երեք անգամ երկկողմ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, երկու անգամ՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ: Երկկողմ ձևաչափով հանդիպումներ են տեղի ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ երեք անգամ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև: Տարվա ընթացքում ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև կայացել է մեկ տասնյակից ավելի հեռախոսազրույց, ՀՀ վարչապետի և ՖՀ նախագահի միջև՝ հինգ հեռախոսազրույց։ ՀՀ վարչապետը հեռախոսազրույցներ է ունեցել նաև ԵՄ խորհրդի նախագահի, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, Վրաստանի վարչապետի և այլ երկրների ղեկավարների հետ:

2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրվեց տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին հայտարարությունը: Եռակողմ աշխատանքային խումբն սկսել է իր աշխատանքները, ստեղծվել են ենթակառուցվածքների, ինչպես նաև սահմանային, մաքսային և հսկողական այլ գործառույթների կազմակերպման հարցերով փորձագիտական ենթախմբեր: 2021 թվականի ընթացքում տեղի է ունեցել Եռակողմ աշխատանքային խմբի 8 աշխատանքային հանդիպում: Որպես արդյունք՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների և դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Եվրոպական խորհրդի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպումներին Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Երկաթուղին գործելու է սահմանային ու մաքսային հսկողության միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն։ Այժմ աշխատանքներ են տարվում ձեռք բերված պայմանավորվածությունները դե յուրե ամրագրելու ուղղությամբ:

Ամբողջությամբ՝ armlur.am



Նման նյութեր