Իմ գրազը մնում է ուժի մեջ. Նաիրա Զոհրաբյանի պատասխանը՝ Սեյրան Օհանյանին
Advertisement 1000 x 90

Իմ գրազը մնում է ուժի մեջ. Նաիրա Զոհրաբյանի պատասխանը՝ Սեյրան Օհանյանին

Նաիրա Զոհրաբյանը հայտարարության էր արել, թե կարող է գրազ գալ, որ «կալաշնիկովը պահես «Հայաստան» խմբակցության պատգամավորների ճակատներին, նրանք մանդատը թողնողը չեն»։

Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը անդրադարձավ այդ հայտարարությանը՝ նշելով.

«Նաիրա Զոհրաբյանը թող զբաղվի իր գործով։ Մանդատները վայր դնել կամ վայր չդնելը՝ չպետք է մեզ կողքից հուշեն։ Եթե ինքը ուզում է իմ հետ կապ հաստատել, ապա կարող է և մենք կքննարկենք ցանկացած հարց, մեզ այստեղ գործուղել են ԱԺ՝ 270.000 քաղաքացի, նրանց հետ համատեղ էլ յուրաքանչյուր որոշում կընդունվի»,- ասել է պատգամավորը:

Մեկնաբանություն ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com -ը կապ հաստատեց Նաիրա Զոհրաբյանի հետ, որն ասաց` ևս մեկ անգամ պնդում է իր կատարած հայտարարությունը՝ նշելով, որ այն վերաբերում էր «Հայաստան» խմբակցության պատգմավորներից 3 -ին, և Սեյրան Օհանյանը շատ լավ գիտի՝ ում մասին է խոսքը.

«Սեյրան Օհանյանը, որ ասում է՝ ամեն ոք թո՛ղ զբաղվի իր գործով, շատ ճիշտ է ասում. ես՝ որպես քաղաքական-հասարակական գործիչ, ամեն օր զբաղվում եմ իմ գործով, սա մեկ: Երկրորդ` Սեյրան Օհանյանը հղում է անում իրենց քվե տված 270.000 և ավել ընտրողներին. ես ուզում եմ ընդամենը հիշեցնել, որ մեր հայրենակիցները իրենց քվեն տվել են մեկ «մինուճար» օրակարգով՝ վայրկյան առաջ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Ինչ վերաբերում է իմ պնդմանը, որ «Հայաստան» դաշինքում կան պատգամավորներ, որոնց վրա կալաշնիկով պահես հրաժարական չեն տա, այն մնում է ուժի մեջ, անվազն 3 պատգամավորի մասով: Վստահ եմ՝ Սեյրան Օհանյանը շատ լավ գիտի, թե ովքեր են, որոնց վրա կալաշնիկով էլ չէ, իսկանդեր էլ պահես մանդատը վայր չեն դնի»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Նա անդրադարձավ նաև Սեյրան Օհանյանի այն առաջարկին, որ եթե քննարկելու բան ունի, կարող է կապ հաստատել իր հետ. «Սեյրան Օհանյանը անձամբ կարող է ինձ զանգահարել և ես մեծ սիրով պրն Օհանյանին կփոխանցեմ «Հայաստան» խմբակցությանը ընտրած հասարկության ակնկալիքները և կներկայացնեմ իմ պատկերացմամբ ճանապարհային այն քարտեզը, որով հնարավոր է հասնել այդ խնդիրների լուծմանը»,- ասաց մեր զրուցակիցը:

Վերջինս պարզաբանեց, թե ինչու է այդքան վստահ իր գրազի մեջ. ««Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ ինձ հետ մասնավոր զրույցներում ասել են, որ որևէ պարագայում և իրավիճակում չեն դնելու իրենց մանդատները, որովհետև կարծում են, որ դա սխալ է, և եթե անգամ խմբակցությունը նման որոշում կայացնի, իրենց հատուկ դիրքորոշումը այդ որոշման դեմ կհայտնեն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ անուններ չի տա, սակայն բարդ չէ գուշակել, թե որ պատագմավորների մասին է խոսքը:

Նա համոզված է, որ խորհրդարանական 2 ընդդիմությունները չեն արդարացրել իրենց քվե տված հասարակության սպասելիքները, բայցև ցանկացավ տարանջատել «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ «Հայաստան»-ից.

««Պատիվ ունեմ»-ի հանրապետական հատվածը մշտապես ասում էր, որ սխալ է գնալ խորհրդարանական ընտրության և այսօր նրանց մեղադրել այս իրավիճակի համար ազնիվ չէ: Այն ժամանակ ես նրանց մեղադրում էի՝ ինչ են ասում, հիմա կարծում եմ՝ այն լավագույն և ճիշտ տարբերակն էր, ինչն առաջարկում էր Սերժ Սարգսյանը. չէր կարելի գնալ ընտրության և վերալեգիտիմացնել գործող իշխանությանը: Իսկ մյուս խորհրդարանական ընդդիմությունը ասում էր՝ դուք վատն եք, դուք գնացեք, մենք հաշված օրերի ընթացքում կարող ենք իշխանությանը հեռացնել, այսինքն՝ դա իրենց օրակարգն է եղել: Հիմա ես ասում եմ՝ «Հայաստան»-ի ընտրած մարտավարությունը, այն է՝ պահել մանդատները, մնալ խորհրդարանում սխալ է: Պետք է բոյկոտել խորհրդարանի աշխատանքները, սա է միակ տարբերակը, որպեսզի երկրում սկսվի ներքաղաքական գործընթաց և քանի դեռ իրենց այդ քայլը չեն անում, միջազգային հանրության տեսակետից մեր երկրում ամեն ինչ «օքեյ է» և որևէ խնդիր չկա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

lurer.com



Նման նյութեր