Բժշկության մեջ արդեն իսկ օգտագործվող դեղամիջոցները կարող են արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ
Advertisement 1000 x 90

Բժշկության մեջ արդեն իսկ օգտագործվող դեղամիջոցները կարող են արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ

FDA-ի կողմից հաստատված մի քանի դեղամիջոց, որոնք արդեն օգտագործվում են բժշկության մեջ, կարող են զգալիորեն նվազեցնել կորոնավիրուսի դելտա շտամի՝ մարդկային բջիջներում վերարտադրվելու ունակությունը: Նման եզրակացության են հանգել Փենսիլվանիայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները։

Ինչպես ասվում է Communications Biology ամսագրում հրապարակված հոդվածում, կորոնավիրուսի դեմ պոտենցիալ արդյունավետ դեղամիջոցների թվում են 2-րդ տիպի շաքարախտի, հեպատիտ C-ի եւ ՄԻԱՎ-ի բուժման համար օգտագործվող դեղամիջոցները:

Հետազոտողները պարզել են, որ այս դեղամիջոցներից որոշներն արգելակում են պրոթեազները՝ վիրուսային ֆերմենտներ, որոնք առանցքային դեր են խաղում վիրուսների վերարտադրության մեջ:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ երկու կորոնավիրուսային պրոթեազները՝ Mpro եւ PLpro, հարմար թիրախներ են պոտենցիալ հակավիրուսային դեղամիջոցների համար: Օրինակ՝ Pfizer-ի կողմից COVID-19-ի բուժման համար մշակված Paxlovid-ն ուղղված է Mpro-ին։ Երկու ֆերմենտներն էլ համեմատաբար կայուն են, այսինքն՝ հազվադեպ են մուտացիայի ենթարկվում, ուստի քիչ հավանական է, որ կորոնավիրուսի մոտ կարող է արագ դիմադրություն զարգանալ նման բուժման նկատմամբ:

SARS-CoV-2 կորոնավիրուսը պոլիպրոտեիններ կոչվող սպիտակուցներ է արտադրում, որոնք կոդավորված են ՌՆԹ գենոմով: Այդ երկար մոլեկուլները պետք է պրոթեազների միջոցով տրոհվեն առանձին սպիտակուցների, ինչը ֆունկցիոնալ վիրուսային ֆերմենտների եւ սպիտակուցների առաջացման է հանգեցնում, որոնք կարող են սկսել վիրուսի վերարտադրությունը:

Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են 64 միացություններ, այդ թվում՝ ՄԻԱՎ-ի եւ հեպատիտ C-ի պրոթեազները, ցիստեինային պրոթեազները (հանդիպում են պարզագույն մակաբույծների մոտ) եւ դիպեպտիդիլպեպտիդազները՝ 2-րդ տիպի շաքարախտի զարգացման մեջ ներգրավված ֆերմենտների ինհիբիտորները: Սահմանվել է տասնմեկ մոլեկուլ (Այդ թվում՝ MG-101, լիկորին եւ նելֆինավիր մեզիլատ), որոնք ազդում են Mpro գործունեության վրա, եւ հինգը (օրինակ՝ sitagliptin-ը եւ daclatasvir-ը)՝ Plpro-ի վրա:

Ինչպես ցույց են տվել մարդկային բջիջների կուլտուրաների վրա կատարված փորձերը, 16 դեղամիջոցներից 8-ը դեղաչափից կախված հակավիրուսային ակտիվություն են ունեցել եւ արգելակել են պրոթեազները: Ընդ որում, միայն MG-101-ն է ազդել վիրուսի՝ բջիջներ ներթափանցման վրա:

news.am