Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ՀՀ Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանին, այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:
«Մեծարգո պարոն Խաչատուրյան,
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ:
Մարտահրավերներով լեցուն ներկայիս բարդ ժամանակաշրջանում պետական գործչից, առավել ևս՝ Հանրապետության նախագահից պահանջվում են մեծ ջանքեր, հաստատակամություն, գիտելիք ու փորձ՝ ոչ միայն առավելագույնս և պատշաճ իրականացնելու իր սահմանադրական լիազորությունները, այլև՝ լավագույնս կատարելու աշխատանքային պարտականությունները՝ ի շահ մեր երկրի և ժողովրդի:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, հաջողություն և ամենայն բարիք»,- նշված է շնորհավորական ուղերձի մեջ: