ՀՀ պետական բյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում», «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունումը պայմանավորված է 2021 թ. սեպտեմբերի 16-ին կնքված ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/31Շ պայմանագրով նախատեսված՝ Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սպիտակի ոլորանների հատվածի հիմնանորոգման աշխատանքներով: Մասնավորապես, նախատեսվում է 2022 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված թվով 3 ճանապարհահատվածների և թվով 1 տրանսպորտային օբյեկտի հիմնանորոգման, 2021 թ. ավարտված, սակայն ընդունող հանձնաժողովի ակտով դեռևս չընդունված թվով 16 ճանապարհահատվածների ընդունման և 5 տոկոսի վճարման, 2021 թ. տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայություններ մատուցված, սակայն չվճարված ծառայությունների վճարման համար նախատեսել ֆինանսական միջոցներ: Ըստ այդմ առաջարկվում է 6.2 մլրդ դրամ հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը այդ միջոցառումների կատարումն ապահովվելու նպատակով: Ընդհանուր առմամբ նախագծով նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությունը` 26.1 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 17.4 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 8.7կմ:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է արդեն իսկ իրականացված ծրագրերը: Մասնավորապես, հիմնանորոգվել են Երևան-Գյումրի-Վրաստանի սահման հատվածը, նանորոգում, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հատվածը, վերականգնվել է Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի փլուզված հատվածը, հիմնանորոգվել է Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման հատվածը, Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը: Կառուցվել են Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի համապատասխան հատվածի մայթերը, Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի փլուզված հատվածներում գաբիոնային հենապատեր և այլն:
Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է ապահովել ՀՀ Սյունիքի մարզի Մ-17, /Մ-2/(Կապան)-Ծավ-/Մ-2/ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհահատվածի, Հ-46 (Քաշունի գյուղի խաչմերուկից)-Բարձրավան ու Տանձավեր-Շուռնուխ ավտոճանապարհների կառուցումը: Որոշման նպատակն է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում ՀՀ Սյունիքի մարզի տարածքում անխափան, այլընտրանքային երթևեկության ապահովումը: Հաշվի առնելով աշխատանքերի հրատապությունը, պետական անվտանգության ապահովման հարցում դրանց անհապաղ կատարման անհրաժեշտությունը՝ առաջարկվում է, այդ ավտոճանապարհների կառուցման շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման կարիքը համարել անհետաձգելի: Ընդհանուր առմամբ որոշմամբ նախատեսվում է վերաբաշխման միջոցով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը վերը նշված ճանապարհների կառուցման համար հատկացնել 4,231,044,262 ՀՀ դրամ, որից՝ 4,163,362,662 ՀՀ դրամը շինարարության իրականացման համար, իսկ 67,681,600 ՀՀ դրամը տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների իրականացման համար։