Մարդու կյանքի տասներկու փուլ
Advertisement 1000 x 90

Մարդու կյանքի տասներկու փուլ

Տեսեք, թե դուք ինչպես եք իրականացնում կյանքի ծրագիրը եւ ձեր եզրահանգումներն արեք.

0-ից 7 տարեկան

Այդ տարիքում կյանքի կետը շարժվում է ամենաճարպիկ նշանի տակ` Խոյի: Երեխաների մեջ էներգիան եռում է, նրանք անդադրում են, հետաքրքրասեր, ուզում են բոլորի մասին ամեն ինչ անմիջապես իմանալ, եւ չկա այնպիսի ուժ, որը կարողանար կանգնեցնել նրանց: Եվ պետք չէ երեխային զսպել այդ տարիքում, ընդհակառակը, անհրաժեշտ է ավելի շատ ազատություն տալ, չէ որ նրա համար շատ կարեւոր է ինքնահաստատվելն ու իր կարողությունները դրսեւորելը: Ծնողների խնդիրն է երեխային մերձավորի նկատմամբ սիրո եւ կարեկցանքի զգացում ներարկել, թույլ չտալ, որ նրա մեջ եսասիրություն եւ դաժանություն զարգանա: Չէ որ այդ տարիքի եւ Խոյի նշանաբանն է. «Ես ուզում եմ»: Թույլ մի տվեք, որ երեխան նեղացնի կենդանիներին եւ այլ երեխաների, նրան սովորեցրեք խնամքով մոտենալ բնությանը, կամքի ուժ դաստիարակեք: Եթե չկարողանաք մինչեւ յոթ տարեկանը երեխային պատվաստել այդ հատկանիշները, երբեք չեք կարողանա:

7-ից 14 տարեկան

Կյանքի կետը տեղափոխվում է դեպի «կուլակ» Ցուլը: Այդ պատճառով, պարոնայք ծնողներ, տուրք մի տվեք ձեր զավակի բոլոր նյութական ցանկություններին եւ կամակորություններին: Կյանքի այդ փուլում անհրաժեշտ է նրան սովորեցնել վերահսկել սեփական հույզերը, հատկապես կատաղությունն ու ագրեսիան: Անհրաժեշտ է զարգացնել եւ մարզել սեփական հիշողությունը: Ջանացեք «կուլտուրական», բայց ամուր եղանակով ձեւավորել անաչափահասի շրջապատը, որովհետեւ այդ տարիքում նրանում ամբոխի բացասական էներգիան է կուտակվում, ինչը կարող է հետագայում դրսեւորվել դաժանությամբ, շրջապատի հանդեպ անհաշտությամբ: Բայց ոչ էլ երեխային մեկուսացրեք տարեկիցներից: Մեծ նշանակություն ունի նրանց հանդիպումների վայրը եւ մթնոլորտը: Կարեւոր է նաեւ դնել համակարգային ուսուցման հիմքերը: Ջանացեք, որ երեխան ավելի շատ յուրացնի ամեն տեսակ ուսումնական նյութ, որքան շատ, այնքան լավ: Այդ տարիքում երեխային բավականին հեշտ է սեր ներարկել արվեստի եւ գեղագիտության հանդեպ: Երաժշտական եւ գեղարվեստի դպրոցներում սովորելու ամենահարմար ժամանակն է: Իսկ 13–14 տարեկանում անհրաժեշտ է նախնիներին եւ արմատներին ճիշտ վերաբերմունք ներարկել եւ ձեւավորել: Կարելի է դատողություններ անել նաեւ փիլիսոփայական թեմաներով: Արդեն ժամանակն է:

15-ից 21 տարեկան

Կետը շարժվում է Երկվորյակների նշանով: Ժամանակն է ակտիվորեն զարգացնել ինտելեկտը եւ ինքնուրույն մտածողությունը: 15–16 տարեկանում մարդը սոցիումի մեջ է մտնում, որն իր օրենքներն ու կանոններն ունի, որոնք պիտի սովորի պահպանել, որպեսզի հասարակությունն ընդունի նրան: Անհրաժեշտ է հաղթահարել անգիտակցականությունը, անպատասխանատվություն, բամբասանքների եւ սպեկուլյացիաների հակումը: Ծնողների համար վաղուց արդեն ժամանակն է զբաղվել երեխաների սեռական դաստիարակությամբ, թե չէ ինքնուրույն ամեն ինչ կիմանան (ընդհանրապես կարծում եմ, որ սեռական դաստիարակության վերաբերյալ այդ խորհուրդները հնացել են, ավելի վաղ սկսեք դա): Այս տարիքում օգտակար է շատ ճամփորդել, ճանաչել այլ երկրների մշակույթները, բազմազան տեղեկություններ կուտակել:

21-ից 28 տարեկան

Կյանքի կետը Խեցգետնում է: Դա ամեն մարդու կյանքում շատ կարեւոր փուլ է: Գլխավոր խնդիրը ներաշխարհի կատարելագործումն է, ավագ սերունդների փորձառության հիման վրա արժեքների սեփական համակարգի ձեւավորումը: Ինքնավերլուծությամբ զբաղվելով եւ ոգեղեն կատարելագործմամբ՝ մարդը պիտի ջանա ազատվել շատ բացասական հատկանիշներից` կասկածամտությունից, շրջապատից մեկուսացածությունից, ագահությունից: Այս տարիքում դժվարը 25–26 տարեկանի սահմանը հաղթահարելն է, երբ մարդուն տիրում է ամեն ինչ թողնելու եւ կյանքը նորից սկսելու ցանկությունը: Այս շրջանում շատ կարեւոր է ճիշտ ընտրություն կատարել, որովհետեւ շատերն արդեն ընտանիք են ստեղծել: Հաճախ սխալ արարքներն ավերում են ոչ միայն նրա, այլեւ մերձավորների կյանքը: Սխալներ թույլ չտալու համար անհրաժեշտ է ծնողների եւ ազգականների, ուղղակի ավագ սերնդի հետ հոգեւոր ամուր կապեր հաստատել: Դժվար իրավիճակում նրանք ի վիճակի են իրոք օգնել եւ խոսքով, եւ գործով: 25–26 տարեկանը երեխաների ծննդի համար ամենաբարենպաստ ժամանակն է, որովհետեւ նրանք ծնողներից փոխառում են նրանց անհատականության ամենալավ որակները:

28-ից 35 տարեկան

Կյանքի կետը Առյուծում է: Սկսում են արկածախնդրության, հարբեցողության, թմրամոլության հակումներ դրսեւորվել, էներգիայի հոսք է առաջանում, որը ոչ բոլորը կարող են ճիշտ օգտագործել, շատերը սկսում են այն իզուր ծախսել` տրվելով հաճախ ունայն եւ անիմաստ զվարճանքների: Գայթակղությունների դեմ պայքարի ամենալավ միջոցը փիլիսոփայությամբ, կրոնով, ընթերցանությամբ զբաղվելն է, որոնք մեծացնում են բարոյականությունը եւ հոգու մաքրությունը: Շատ կարեւոր է փիլիսոփայական ճիշտ աշխարհայացք ընտրել, աղանդավոր չդառնալ, չկուտակել բացասական էներգետիկա, որն ի վիճակի է ավերել մարդուն: Շրջադարձային է մինչեւ 32 տարեկանը: 28 տարեկանից ընտանեկան խնդիրները երկրորդ պլան են գնում, կարեւոր է դառնում սեփական ես-ը: Մարդը ջանում է իրեն դրսեւորել կոլեկտիվում, որպեսզի իրեն նկատեն եւ գնահատեն: 29 տարեկանում առաջին անգամ ամփոփում են ապրած տարիները: Կանանց համար շատ կարեւոր ժամանակաշրջան է 32 տարեկանը: Զգացմունքների փոփոխության, անձնական հարաբերությունների վերանայման ժամանակն է: Այս տարիքում հաճախ են ամուսնալուծվում, սիրային նոր կապեր են հաստատում: Պետք է ջանալ վերլուծել անցյալը, կշռադատել «կողմը» եւ «դեմը», ամեն ինչ չկտրել-թափել: Նոր զգացմունքները կարող են կարճ տեւել, երբեմն` ընդամենը մի տարի:

42-ից 49 տարեկան

Կյանքի կետը շարժվում է Կշեռքի նշանով: Այդ ժամանակաշրջանում մարդը ջանում է տրվել 42 տարեկանում ստեղծագործաբար ընտրված գործին: Այդ տարիքը դեռեւս «ուշ ամառ» են կոչում, երբ վրա են հասնում ներդաշնակությունը եւ հասունությունը ինչպես անձնական, այնպես էլ սոցիալական կյանքում: Այն ամենը, ինչ կուտակվել է անցած տարիների ընթացքում, վերլուծվել է, համակարգվել եւ իրականացման է սպասում: Կշեռքի գլխավոր մոլորակը Վեներան է: Հենց նա է ղեկավարում մարդուն ավելի ամուր ներդաշնակ կապեր ստեղծելու, գործերում եւ զգացմունքների մեջ էթիկայի եւ բարոյականության կանոններին հետեւելու ձգտման մեջ: Այդ ժամանակահատվածում պետք է սոցիալական կապեր հաստատել, նոր աշխատանքի տեղավորվել, ի ցույց դնել սեփական կազմակերպչական կարողությունները եւ վերացնել թերությունները, ինչպես օրինակ եսակենտրոնությունը, ինքնասիրահարվածությունը, բռնակալության հակումը: Հաջող ժամանակ է տաղանդները զարգացնելու համար, եթե ունեք այդպիսիք:

49-ից 55 տարեկան

Կարիճի ժամանակաշրջանն է: Ցանկացած մարդու, հատկապես` կանանց կյանքում դժվար, կրիտիկական ժամանակաշրջան է: Ստիպված են լինում փոխել վաղուց ձեւավորված հայացքները, ինչը շատ դժվար է անել: Հայացքները դժվարությամբ եւ ցավոտ են կոտրվում: Ֆիզիկական առումով շատերի մոտ ուռուցքային հիվանդություններ են առաջանում, շատերի մոտ (հատկապես 52 տարեկանում) դիտարկվում է սեռական համախտանիշ` սեռական մեծ անբավարարվածություն: Կարիճի տարիքում մարդը հսկայական ինքնաավերիչ ուժի է տիրապետում եւ նպատակին հասնելու համար հաճախ պատրաստ է վա-բանկ գնալ: Անհրաժեշտ է վերահսկել սեփական հույզերը, բայց ոչ մի դեպքում չփակվել ինքն իր մեջ եւ զբաղվել ինքն իրեն թաղելով:

Հաճախ դուրս եկեք հասարակություն, հանդիպեք ընկերներին, զբաղվեք հոգեբանության ուսումնասիրությամբ, ստեղծագործական աշխատանքով կամ կոլեկտիվ գործունեությամբ: Այդ ժամանակաշրջանը բարենապաստ է կախարդական եւ գաղտնի կարողությունների զարգացման համար: Դրան հատկապես հակված են 52 տարեկան կանայք: Իսկ նրանց, ովքեր մինչեւ այդ շրջանը սխալ կենսակերպ են վարել, ճակատագիրն ուղղվելու, մոլորություններից հրաժարվելու եւ լիովին նոր փիլիսոփայական հիմքերի վրա կյանք սկսելու հնարավորություն է տալիս:

56-ից 63 տարեկան

Այս տարիքում կյանքի կետը շարժվում է Աղեղնավորի նշանով: Մարդը սկսում է ձգտել դեպի փիլիսոփայություն կամ կրոն: Շատերի մոտ փութագար հակում է առաջանում դեպի այն գիտելիքները, որոնք ինչ-որ ժամանակ չեն հասցրել ձեռք բերել: Ուզում են միանգամից մի քանի գիտություն ճանաչել, տարբեր փիլիսոփայական ուղղություններ: Բայց, որպես կանոն, դա չի հաջողվում: Մերկուրին մեկուսացած է, եւ շատ բան ցանկանալով, մարդը ընդհանրապես ոչ մի արդյունքի չի հասնում: Ջանացեք մեկ բան ընտրել եւ այդ առարկան ավելի խորն ուսումնասիրել: 56 տարեկանում մարդը սոցիումի եւս մի ստուգում է անցնում: Այստեղ ի հայտ են գալիս այն բոլոր սխալները եւ վրիպակները, որոնք նա թույլ է տվել 37 եւ 38 տարեկանում: Ով ճիշտ է մոտեցել իր կյանքի այս փուլին, հասարակությունում բարձր պաշտոններ է զբաղեցնում: Ստուգումը չանցածները չեն հասնում իրենց առջեւ դրված նպատակներին եւ անցնում են վաստակած հանգստի:

63-ից 70 տարեկան

Կյանքի կետը շարժվում է Այծեղջյուրով: Վերջին հնարավորությունն է: Հենց 63 տարեկանում է մարդը կատարում իր վերջին ընտրությունը, երբ ցանկության դեպքում նա ԿԱՐՈՂ է փոխել իր կյանքը: Նա, ով սխալ ընտրություն է կատարում, որպես կանոն հեռանում է կյանքից կամ էլ խորապես ավերում է այն: Դա հատկապես վերաբերում է այն մարդկանց, որոնք ձգտում են ուրիշ ընտանիք ստեղծել. դեպքերի 90 տոկոսում ոչինչ դուրս չի գալիս: Հինն ավերել հնարավոր է, իսկ նորը ստեղծելը գործնականում անիրական է:

Այծեղջյուրի տարիքում անհրաժեշտ է հրաժարվել որոշ կարծրատիպային պատկերացումներից, վերջնականապես մշակել կենսական, փիլիսոփայական առանցքը եւ սովորել հստակ գնահատական տալ յուրաքանչյուր երեւույթի, յուրաքանչյուր իրադարձության, բայց ոչ մի դեպքում չփաթաթել սեփական կարծիքը եւ ուշադիր լսել ընդդիմախոսներին: Շատ կարեւոր է ճիշտ կառուցել հարաբերությունները մտերիմների հետ, որովհետեւ շատերն այդ տարիքում ջանում են նրանց հանդեպ բռնակալություն դրսեւորել: Ջանացեք ձեր մեջ դիվանագիտություն, փոխզիջումներ անելու կարողություն մշակել:

70-ից 77 տարեկան

Ջրհոսի ժամանակն է: Կյանքի հայեցման, դրան փիլիսոփայական, կողմնակի դիտորդի հայացքով նայելու ժամանակն է: Ամբողջ կյանքի ընթացքում մարդը փոխում է շրջապատող աշխարհին իր վերաբերմունքը, փոխում է առաջնահերթությունները: Մանուկ հասակում ասում ենք` «Ես»: Պատանի հասակում` «Ես եւ աշխարհը»: Հասուն տարիքում` «Աշխարհը եւ ես»: Ջրհոսի տարիքում մնում է միայն «ԱՇԽԱՐՀԸ»: Դա ընկալման չորրորդ աստիճանն է` կյանքի եւ դրանում մեր տեղի գիտակցման ամենակարեւոր աստիճանը: Եթե տարիների հետ աշխարհի նման ընկալում չի ձեւավորվում, մարդու հոգեւոր որակներն աստիճանաբար սկսում են մարել, նա ընկնում է զառամախտի (маразм) մեջ, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է ֆիզիկական մարմնի փլուզման: Ջրհոսի ժամանակը միայնությունից կամ սեփական կեսի հետ ընտանեկան առանձնացումից հաճույք ստանալու ժամանակն է, որովհետեւ կյանքի ծրագիրն արդեն իրականացվել է: Բայց, կյանքը վայելելով, իմաստնություն եւ մարդասիրություն դրսեւորեք, այդ դեպքում շրջապատը կհարգի ձեզ խորամտության, արդարամտության եւ կյանքի օրենքների խոր իմացության համար:

77-ից 84 տարեկան

Կյանքի կետը շարժվում է Ձկան նշանով. Ավարտվում է կենսական ցիկլը: Մարդու համար ամեն ինչ պարզ է եւ հասկանալի, նա կապ է զգում բնության հետ, բնության հետ միաձուլում: Վրա է հասնում հոգեւոր, տիեզերական ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ: Մարդը վայելում է կյանքը: Նա, ով ճիշտ է բաշխել կենսական ուժերը, այդ ժամանակ պիտի ճանապարհորդի, օտար մշակույթներ ճանաչի` լրացնելով ամեն երկրայինի ճանաչողության պակասը: Հենց այդ շրջանում է բարձր ոգեղենությամբ մարդկանց մոտ անցում կատարվում դեպի տիեզերական աղբյուրներ: Մարդը միաձուլվում է Տիեզերքի հետ, բայց երբեմն նա ստիպված է վերադառնալ երկիր: Եվ ՎԵՐՋ: Համաձայնեք, մտածելու բան կա:

news.am