«Վերադարձ», «Դժվար ապրուստ» և այլ հեռուստասերիալներից հայտնի Կարո Հովհաննիսյանն օրեր առաջ նշանադրվել է 24-ամյա Ռիտա Մարգարյանի հետ: Դերասանը նշանադրությունից հետո առաջինը Tert.am Life-ին է պատմել ընտրյալի և նշանադրության մասին:
«Մենք կատարեցինք մեր համատեղ կյանքի առաջին լուրջ քայլը: Խոստումնալից և շատ պատասխանատու պահ էր: Մեծ նշանադրություն չի եղել: Մեր երկուսի ընտանիքի անդամներն են եղել ու վերջ: Բայց այնպես ստացվեց, որ մեզ հետ միասին սկսեցին ուրախանալ ու շնորհավորել սրահում գտնվող օտար մարդիկ: Ընդհանուր ուրախություն էր տիրում այդ պահին»,- ասաց Կարոն:
Դերասանը նշեց, որ հատուկ անակնկալ չի եղել ո՛չ իր, ո՛չ Ռիտայի կողմից: Նրանք միասին են զբաղվել կազմակերպչական հարցերով՝ սկսած նվերների ընտրությունից, վերջացրած մատանիով: «Մատանու ընտրությունը Ռիտայինն էր: Այստեղ չկար իր ուզած մատանին և մենք պատվիրեցինք»,- նշեց դերասանը:
Կարոյի սիրելին մասնագիտությամբ դիզայներ-նկարչուհի է: Սովորում է Մոսկվայում: Ռիտան այս տարի կավարտի մագիստրատուրան։ Շուտով Կարոն և սիրելին կմեկնեն Մոսկվա, Ռիտան կավարտի համալսարանն ու կվերադառնան Հայաստան։ «Շատ տաղանդավոր դիզայներ է, շատ լավ մարդ, կողակից, ընկեր, քույր: Ամեն ինչով համապատասխանում է այն իդեալին, որն ունեցել եմ: Իր հետ ծանոթացել եմ համացանցում: Instagram-ում պատահական տեսնելով իր լուսանկարները՝ սկսել եմ շփվել իր հետ: Հետո պարզվեց, որ ա գալու է Հայաստան հանգստանալու:
Այդ ժամանակվանից մենք սկսեցինք հանդիպել և կապն ավելի խորացավ: Մի ամիս այստեղ մնալուց հետո նա նորից մեկնեց Մոսկվա: Կարճ ժամանակ անց թողնելով այնտեղ ամեն ինչ՝ տունը, մեքենան, ուսումը, տեղափոխվեց Հայաստան, և կատարեցինք մեր համատեղ առաջին քայլը: 5 ամիս ենք շփվել: 6-րդ ամսին որոշեցինք նշանվել: Ամեն ինչ արագ ստացվեց, քանի որ իմաստ չկար երկարացնելու ու սպասելու: Առաջին իսկ հանդիպումից այնպիսի զգացողություն կար, կարծես մենք երկար տարիներ ճանաչել ենք իրար: Զարմանալի էր, որ միանգամից իրար հասկացանք ու ավելի լավ լեզու գտանք իրար հետ, չնայած նա Ռուսատանում էր ապրել, ես՝ Հայաստանում»:
Ամբողջությամբ՝ life.tert.am