Ինչպե՞ս ճիշտ բուժել հազը օմիկրոն շտամի դեպքում
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս ճիշտ բուժել հազը օմիկրոն շտամի դեպքում

Հազը կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվելու դեպքում առաջանում է կոկորդի եւ ըմպանի նյարդային վերջավորությունների բորբոքման պատճառով։ Ուստի այն չի կարելի բուժել խորխաբեր միջոցներով, որոնք խորխ են առաջացնում։ Այսպիսի կարծիք է հայտնել օտոլարինգոլոգ, օտոնյարդաբան Օլգա Մալչենկոն (Ռուսաստան)։

Ինչպես գրում է Ura.ru-ն, օմիկրոնն ախտահարում է կոկորդի նյարդը, ինչից հետո տեղի է ունենում վերին շնչուղիների բորբոքում։ Դա հանգեցնում է լորձաթաղանթների գրգռման, ինչն ազդում է նյարդային վերջավորությունների վրա եւ հազ է առաջացնում։

«Այդ հազը բուժելու համար խորխաբերները հարմար չեն։ Նշանակվում են դեղամիջոցներ, որոնք թուլացնում են հազի նոպաները, ինչպես նաեւ ինհալյացիա՝ անգամ պարզապես հանքային ջրով կամ տարբեր դեղերով։ Դրանք փափուկ են պահում լորձաթաղանթը, խոնավացնում այն, եւ գրգռումն անցնում է»,- ասել է մասնագետը։

Օմիկրոնի դեպքում հազը կարող է պահպանվել մոտ 3 շաբաթ։ Առողջանալուց 1-2 շաբաթ հետո բորբոքային փոփոխություններ լորձաթաղանթում արդեն չեն հայտնաբերվում, բայց հազի նոպաները կարող են շարունակվել, քանի որ նյարդային վերջավորությունները ռեֆլեկտիվ կերպով հազ են առաջացնում։

Իմունաբան Իրինա Յարցեւան հաստատել է, որ օմիկրոնի դեպքում հաճախ առաջանում են վերին շնչուղիների այտուց, գրգռում եւ «չոր, հաչոցի նմանվող, սակավարդյունավետ» հազ։ Նրա խոսքով՝ այս նոպաները հնարավոր է կանգնեցնել օդի խոնավացման, առատ տաք հեղուկների, ողողումների եւ քթի լվացումների օգնությամբ։

«Լարինգիտը եւ տրախեիտը բուժելու համար հազվադեպ կատարում են ինհալյացիա ֆումիկորտով, ստերոիդներ են օգտագործում, որոնք վերացնում են այտուցը»,- ասել է Յարցեւան։

med.news.am