Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան էջից.
«Դիտեցի «Գարուն ա․․․» ֆիլմը:
Կարծիքս ձեզ դուր չի գալու, զգուշացնում եմ…
Երեք սերնդի խաչմերուկում ծավալվող իրադարձությունները Ապրիլյան պատերազմի մասին է, գեղեցիկ ֆիլմ է, սյուժեն հուզիչ, կերպարները շատ ստացված, զգայական, անմիջական, դերասանական կազմը և խաղը անխոս գերազանց էին, բնությունը՝ հիանալի: Կուզեի հատկապես առանձնացնել իմ սիրելի Ալեքսանդր Խաչատրյանի և Marjan Avetisyan-ի պրոֆեսիոնալ խաղը, նրանց պարզապես հիանալի կերտած կերպարների խորությունը:
ԲԱՅՑ ֆիլմի ուղերձները խիստ մտահոգիչ են, ես կասեի՝ անընդունելի…
Եկեք խոսենք հենց այդ ուղերձների (մեսիջների) մասին, և այսպես.
- Արցախյան ազատամարտի խորհրդանիշ, բազում պարգևների արժանացած, անձնականը պատերազմին ստորադասած, հայրենասեր Ամատունի ավագը սխալ է, իսկ նրա թոռանը ամեն գնով ծառայությունից ազատելու պատրաստ իր որդին՝ ճիշտ: Բացատրեմ՝ թոռնիկին թշնամին գլխատում է, պապին վրեժ լուծում և չի կարողանում ապրել: Այսինքն, եթե հայրը որդուն ազատեր բանակից և ուղարկեր Լոնդոն, ընտանեկան և մարդկային այս ողբերգությունը չէր լինի…
Ստացվում է, որ մեր հերոսական Ազատամարտը, հայրենասիրությունն ու անձնուրացությունը պարտվու՞մ են «տաքուկ կյանք» փնտրողներին: Սխալ մեսիջ է, առավել ևս հիմա:
- Պատերազմի մասշտաբը չի բացվում, տպավորություն է, որ մեկ դիրքի վրա հարձակում է տեղի ունեցել շատ լավ պատրաստված թշնամու կողմից՝ մեր հետախուզության վատ աշխատանքի արդյունքում:
Նման գնահատական փոխանցելու համար կա՞ բավարար հիմք: Չկա: Անգամ այս հաղթանակը քննող ԱԺ հանձնաժողովը չի հրապարկել նման որևէ փաստ:
- Ֆիլմի մեջ մի քանի անգամ քաղաքական գնահատականներ են հնչում, բանակը թալանելու մեղադրանքներ:
Կա՞ արդյոք ապացուցված նման փաստ, և որքանո՞վ է ճիշտ քաղաքական և բարոյահոգեբանական այս իրավիճակում հասարակությանը տալ նման ուղղորդում: Իհարկե, ճիշտ չէ:
Վերջում, իհարկե, նշեմ, որ ֆիլմը դիտել է պետք, ազգային և ավանդական տարրերով լցված գեղեցիկ ֆիլմ է:
Արվեստը մի խառնեք քաղաքականությանը, մշակույթն ու արվեստը պետք է Մարդ կերտեն…»: