Ռուբլու արժեզրկումը մեծ զսպում կլինի, և ակնկալել, որ՝ տեսեք, ՌԴ-ից ինչքան զբոսաշրջիկներ են գալու, միանշանակ չէ. Մեխակ Ապրեսյան
Advertisement 1000 x 90

Ռուբլու արժեզրկումը մեծ զսպում կլինի, և ակնկալել, որ՝ տեսեք, ՌԴ-ից ինչքան զբոսաշրջիկներ են գալու, միանշանակ չէ. Մեխակ Ապրեսյան

Ռուս-ուկրաինական հակամարտության երկրորդ ճակատ է համարվում Արևմուտքի տնտեսական սանկցիաների փաթեթը: Հայաստանի տնտեսության վրա Ռուսաստանին ուղղված պատժամիջոցների բացասական հետևանքների մասին բազմաթիվ տեսակետներ են հնչել, սակայն խոսում են նաև դրական սպասումների մասին, մասնավորապես, կա տեղեկություն, որ ՏՏ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ ցանկացել են իրենց գործունեությունը ժամանակավորապես ծավալել Հայաստանում, իսկ տուրիզմի ոլորտի փորձագետներն էլ ակնկալում են ՌԴ-ից զբոսաշրջային այցելությունների հնարավոր աճ:

Արդյո՞ք Հայաստանն արևմտյան պատժամիջոցների համատեքստում կդառնա այլընտրանքային այն ուղղությունը, որը կնախընտրեն Ռուսաստանից արտագնա զբոսաշրջության մեկնող քաղաքացիները՝ 168.am-ը հետաքրքրվեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանից:

Նա միանշանակ չհամարեց այդպիսի ակնկալիքները՝ նկատելով, որ առկա են փոխադարձ զսպող գործոններ. մի կողմից՝ ռուբլու արժեզրկումը, մյուս կողմից՝ ՌԴ-ից զբոսաշրջային ուղղությունների ոչ մեծ այլընտրանքը:

«Մի բան պետք է հաշվի առնենք, որ տնտեսական իրավիճակը, ռուբլու արժեզրկումը շատ մեծ զսպում կլինի ՌԴ-ի արտագնա զբոսաշրջության համար: Դրա համար ակնկալել, որ՝ տեսեք, ինչքան զբոսաշրջիկներ են ՌԴ-ից գալու մեզ մոտ, միանշանակ չէ: Բացի դրանից՝ այս իրավիճակում ռուսաստանցիների համար ճանապարհորդելու ցանկությունն էլ մեծ չի լինելու:

Որոշակի այցելություններ, իհարկե, կունենանք. չէի ասի՝ շեշտակի ավելացում, բայց, համենայն դեպս, կունենանք»,- ասաց Մեխակ Ապրեսյանը:

Ի պատասխան հարցին էլ, թե վերջին տարիներին դեպի Հայաստան զբոսաշրջային ընդհանուր այցելությունների ո՞ր տոկոսն է կազմել ՌԴ-ից այցելությունները, նա նշեց. «ՌԴ-ն միշտ առաջին տեղում է եղել. ընդհանուր այցելությունների 40-45 տոկոսը միշտ բաժին է հասել ՌԴ-ին»:

Տուրիզմի ֆեդերացիայի նախագահը շեշտեց՝ ոլորտն այս տարի փորձում է վերականգնել պատերազմի ու համավարակի հետևանքով արձանագրված անկումը: Ըստ նրա՝ այդ ուղղությամբ լրջորեն պետք է աշխատել, իրականացնել միջոցառումներ, պատշաճ լուսաբանել դրանք:

Զարուհի Դիլանյան