ԱՄՆ-ում վաճառքի են հանել ֆրանսիացի հանգուցյալ դիզայներ Իվ Սեն Լորանի բնակարանը։ Նորաձևության տան հիմնադրի՝ Նյու Յորքում գտնվող բնակարանը կարելի է գնել 1,7 մլն դոլարով, հայտնում է Mansion Global-ը։
Բնակարանի մակերեսը 55 քմ է։ Կա մեկ ննջարան, մարմարե լոգարան, խոհանոց և խորդանոց։ Մանհեթենի հեղինակավոր The Pierre Hotel-ում գտնվող այս բարձր առաստաղով բնակարանից տեսարան է բացվում դեպի Կենտրոնական զբոսայգի։
Իվ Սեն Լորանը գույքը գնել է 1970 թվականին իր գործընկեր Պիեռ Բերժեի հետ: Զույգը ևս երկու բնակարան ուներ նույն հարկում, որոնք հետագայում միավորել են։ Նրանց գույքի մենեջեր Մեդիսոն Քոքսի հավաստիացմամբ՝ Սեն Լորանն ու Բերժեն պատրաստվում էին ևս մեկը գնել, բայց հրաժարվել են այդ մտքից այն պատճառով, որ ժամանակի մեծ մասն ապրում էին Ֆրանսիայում և հազվադեպ էին գալիս Նյու Յորք: 2007-ին վաճառել են իրար միացած երկու բնակարանը, իսկ երրորդը պահել են։