ԱՄՆ-ում 57 տարեկան հասակում մահացել է Դեյվիդ Բենեթը՝ պատմության մեջ առաջին պացիենտը, ում 2022 թվականի հունվարին հաջողությամբ խոզի սիրտ էին փոխպատվաստել։ Այս մասին հայտնում է New York Times-ը։
Մահվան պատճառը, որը տեղի է ունեցել վիրահատության բարեհաջող ավարտից ընդամենը երկու ամիս անց, չի հաղորդվում, քանի որ դիահերձումը դեռ չի կայացել։ Բժիշկ Բարթլի Գրիֆիթը, ով ղեկավարում էր վիրահատությունը, ասել է, որ ցնցված է Բենեթի մահից՝ հավելելով, որ նա շատ խիզախ մարդ է:
Բենեթը, ով տառապում էր սրտի ծանր հիվանդությամբ, համաձայնել էր փորձարարական բուժմանն այն բանից հետո, երբ նրան մերժել էին մարդու սրտի փոխպատվաստման հերթացուցակում գրանցել: Նշվում է, որ տղամարդը բարեհաջող վիրահատվել է, որից հետո ֆիզիոթերապիա է անցել, ժամանակ է անցկացրել ընտանիքի հետ, դիտել SuperBowl սպորտային շոուն։ Սակայն մահից առաջ վերջին մի քանի օրվա ընթացքում հիվանդի վիճակը սկսել է վատանալ։
«Հուսով ենք, որ այս պատմությունը կարող է լինել հույսի սկիզբը, այլ ոչ թե վերջը», – գրել է հիվանդի որդին՝ Դեյվիդ Բենեթ կրտսերը, իր սոցցանցում: