Լևոն Հարությունյան. «Գլխավոր ձեռքբերումս, բայց նաև միակ թերությունս մինչև հիմա ՄԱՐԴ մնալս է». aysor.am
Advertisement 1000 x 90

Լևոն Հարությունյան. «Գլխավոր ձեռքբերումս, բայց նաև միակ թերությունս մինչև հիմա ՄԱՐԴ մնալս է». aysor.am

Դերասան Լևոն Հարությունյանի համար այսօր տոնական օր է. սիրված արտիստը նշում է ծննդյան 50-ամյակը: Aysor.am-ի հետ զրույցում վերջինս խոստովանեց՝ իր ծննդյան օրերը չի սիրել ու երբեք չի նշել, թեև տոնական տրամադրությունից խուսափելն անհնար է եղել: Այս տարին ևս բացառություն չէր:

«Ներկա պահին պատրաստվում եմ գնալ «Մեա Կուլպա 2»-ի փորձին, աշխատանքային միջավայրում եմ օրս անցկացնելու: Քանի որ կողքից բոլորն ասում են՝ 50-ամյակ է, հավանաբար, այնտեղ մի թեթև կնշենք, բայց մեծ ծնունդ անել չեմ պատրաստվում: Երբեք էլ չեմ սիրել ծննդյանս օրը նշել»,- մեզ հետ զրույցում նշեց դերասանը:

Այնուամենայնիվ, ընկերները երբեք թույլ չեն տալիս, որ Լևոն Հարությունյանի հունվարի 19-ները աննկատ անցնեն:

«Կեսգիշերին Գրիշա Աղախանյանը, ով իմ 30 տարվա ընկերն է, ինձ «գողացավ» ու ծննդյանս օրն իր ուզած ձևով նշեց: Այնուհետև մյուս մտերիմ ընկերներս «գողացան» ու օրը շարունակվեց: Քանի որ ստեղծված առիթի պատճառով գինովցել էի, առավոտյան 6-ին ընկերներս ինձ տուն բերեցին: Բազմաթիվ հեռախոսազանգեր, շնորհավորանքներ ու հրավերներ եմ ստացել, այնպես որ՝ չի ստացվում խուսափել»,- ժպիտով նկատեց նա:

Որքան էլ Լ. Հարությունյանը 50 տարիների ընթացքում հրաժարվել է այս օրը տոն դարձնելու մտքից, միևնույն է՝ հիշվող պահեր եղել են:

«Չեմ հիշում՝ որ թվականն էր. «Մեա Կուլպա» ներկայացման անձնակազմով մեկնում էինք Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ հյուրախաղերի: Գնում էինք Հոլանդիայով, ու քանի որ չվերթն ուշացավ՝ մեկ օր մնացինք այնտեղ: Հունվարի 19-ն էր ու մենք, բնականաբար, ծնունդս նշեցինք այնտեղ: Երբ հաջորդ օրը մեկնեցինք ԱՄՆ, նորից ծնունդ արեցինք, որովհետև ժամային գոտին փոխվում էր և Միացյալ Նահանգներում նոր էր հունվարի 19-ը… Ստացվեց, որ նույն տարվա մեջ երկու ծննդյան օր ունեցա, ու դա, երևի, իմ ամենահիշվող ծննդյան տարեդարձն էր»,- վերհիշեց դերասանը:

Տարիքի ավելացումից կանայք առավել են վախենում, սակայն տղամարդիկ էլ բացառություն չեն:

«Քանի որ ամեն տղամարդու մեջ մի փոքր կին կա նստած, մեկ-մեկ անհանգստանում եմ… Փառք Աստծո, մեջս կին չի արթնացել ու ինձ տարիքը չի վախեցնում»,- կատակեց Լևոն Հարությունյանը:

Անդրադառնալով կյանքի ձեռքբերումներին ու բացթողումներին՝ ընդգծեց.

«Գլխավոր ձեռքբերումս, բայց նաև միակ թերությունս այն է, որ մինչև հիմա ՄԱՐԴ եմ մնացել: Իսկ այսօր ՄԱՐԴԸ ոչ մեկին պետք չի: Բայց ինձ հաճելի է, որ ոչ ոքի չեմ ցավեցրել ու առ այսօր կարողանում եմ սիրել»,- նշեց մեր զրուցակիցը:

Հոբելյարի ցանկությունն անձնական չէ, այն առաջնահերթ կապված է հայրենիքի հետ:

«Ուզում եմ մեր երկիրը ոտքի կանգնի, ամեն հայ հպարտ ապրի: Եվ որ ամենակարևորն է՝ շուտով աշխարհի բոլոր հայերով մեկտեղ հավաքվենք ու տոնենք մեր երկրի հպարտության օրը»,- եզրափակեց դերասանը:

Ամբողջությամբ՝ aysor.am



Նման նյութեր