Առողջապահության համաշխարհային կազմակերպության Արտակարգ հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերկխովեն հաստատել է Եվրոպայում կորոնավիրուսի նոր՝ «դելտակրոն» շտամի հայտնվելը, փոխանցում է Sputnik-Georgia-ն։
«Այս շտամը հայտնաբերվել է Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Դանիայում: Բայց գրանցվել է վարակի շատ ցածր մակարդակ», – ասել է նա ճեպազրույցում:
ԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ «դելտակրոնը» «delta» AY.4 շտամի և «omicron» BA.1/BA.2 ենթատեսակների համադրությունն է։ ԱՀԿ մասնագետներն արդեն քննարկել են հարցը մարտի 7-ի հանդիպման ժամանակ:
«Դելտակրոնը» հայտնի էր դարձել տարեսկզբին։ Մասնավորապես, Կիպրոսի համալսարանի կենսաբանական գիտությունների ֆակուլտետի մի խումբ գիտնականներ հայտարարել էին կորոնավիրուսի նոր շտամի ՝«դելտայի» և «օմիկրոնի» հիբրիդի հայտնաբերման մասին: Սակայն ԱՀԿ վարանում էր այն ընդունել՝ գտնելով, որ դա կարող է լինել սխալի հետևանք, օրինակ՝ նմուշի աղտոտում, և առաջարկել էր չօգտագործել «դելտակրոն» անվանումը: