Նախիջեւանիկում նախօրեին՝ մարտի 9-ին, հակառակորդի կրակոցներից վնասված տրակտորը հայկական կողմը դեռեւս չի կարողանում վերադարձնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում Նախիջեւանիկի համայնքապետ Սամվել Պետրոսյանը:
«Այդ տրակտորը միակ գյուղատնտեսական տեխնիկան է, որը դեռ մնացել է այգում: Վաղը, ամենայն հավանականությամբ, դուրս կհանենք ռուս խաղաղապահների միջոցով»,- ասաց Պետրոսյանը:
Պետրոսյանը պատմեց, որ կրակոցների ժամանակ գյուղացիները աշխատելիս են եղել, եւ ստիպված են եղել առանց տեխնիկայի արագ դուրս գալ այգուց:
«Առավոտյան գնացել են տեխնիկան դուրս բերելու ու տեսել են, որ այդ վիճակում է: Չեն կարողացել դուրս հանել, որովհետեւ շատ մոտ է հակառակորդի դիրքին, վտանգավոր է: Առհասարակ, հիմա մեզ մոտ գյուղատնտեսական աշխատանքները դադարեցված են»,- նշեց Սամվել Պետրոսյանը:
Պետրոսյանի խոսքով՝ այս պահին գյուղում հանգիստ վիճակ է, բնակիչների մոտ խուճապ չկա: Կրակոցների արդյունքում տուժածներ չկան:
Հիշեցնենք, որ Արցախի դատախազությունը երեկ՝ մարտի 9-ին, հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը, խախտելով հրադադարը, տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Նախիջեւանիկ եւ Մարտունու շրջանի Խնուշինակ եւ Կարմիր շուկա գյուղերի ուղղությամբ:
Կրակոցների հետեւանքով գնդակոծվել ու վնասվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ համայնքի վարչական տարածքում գտնվող այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուց հետո հողօգտագործողի կողմից դաշտում կայանված տրակտորը։
Արցախի ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, այսօր՝ մարտի 10-ին, Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից ականանետի արձակված կրակոցից՝ մեջքի շրջանում վիրավորում է ստացել:
Նա տեղափոխվել է Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոց: Վիճակը բավարար է: