ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ «Չնայած այն հանգամանքին, որ վերջին շրջանում մի շարք փոփոխություններ ենք կատարել՝ գազալիցքավորման և բենզալիցքավորման կայաններում թերլցումների խնդիրը լուծելու համար, շարունակում ենք սպառողներից բողոքներ ստանալ, որ լիցքավորման ժամանակ իրենց խաբում են: Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել էր ևս մեկ տեխնիկական լուծում. հատուկ սարքերով համալրել բենզալցակայանների, գազալցակայանների վառելիքաբաշխիչ աշտարակները, որպեսզի տնտեսավարողը չկարողանա միջամտել աշխատանքին և թերլիցքավորումներ անել:
Հաշվի առնելով, որ նման սարքերը լրացուցիչ բեռ են տնտեսվարողների համար (ընդ որում, այդ բեռը կրելու են թե՛ բարեխիղճ, թե՛ անբարեխիղճ տնտեսվարողները), առաջարկել էինք հետաձգել նախագծի ընդունումը և քննարկել լուծման այդ տարբերակի «գինն» ու արդարացվածությունը:
Այսօր աշխատանքային քննարկում ունեցանք այս հարցով: Ես և իմ գործընկերներն առաջարկել ենք.
▪️ Ներկայացնել հստակ հաշվարկ, թե այս լուծումը կոնկրետ որքան ֆինանսական բեռ է առաջացնելու տնտեսվարողների համար,
▪️ Կիրառել տարբերակված լուծումներ բարեխիղճ և անբարեխիղճ տնտեսվարողների համար:
Ընդգծեմ նաև, որ չնայած նման լուծումների ֆինանսական բեռը, ի վերջո, կրում է սպառողը՝ ավելի թանկ վճարելով, մյուս կողմից՝ խաբված սպառողը, որի մեքենան ավելի քիչ են լիցքավորում, ըստ էության, ավելի թանկ է վճարում: Այսինքն՝ փոփոխություններն արվում են հենց ի շահ սպառողի, պարզապես դրանք պետք է մաքսիմալ հավասարակշռված, իրագործելի և արդյունավետ լինեն»: