Անիտա Կոնտի-Կարագոշյանն տարբեր հարցազրույցներում բազմիցս անդրադարձել է իր հայկական արմատներին, խոսել Տիգրան Մեծի «ծովից ծով» Հայաստանի, Կիլիկիան հայկական թագավորության մասին, հպարտությամբ նշել, որի «իր երակներով առյուծների երկրի արյունն է հոսում»։
Ազգությամբ հայ Անիտա Կոնտին (ի ծնե` Կարագոշյանը) աշխարհում առաջին կին օվկիանոսագետն է, բնախույզ, լուսանկարիչ: Կոնտին ծնվել է 1899թ. մայիսի 17-ին Ֆրանսիայի Էրմոնտ քաղաքում՝ Կարագոշյանների հարուստ հայկական ընտանիքում: Տնային լավ կրթություն է ստացել: Նրա ընտանիքը շատ էր ճանապարհորդում: Դեռևս վաղ մանուկ հասակից Անիտայի մեջ ձևավորվում է սերը ծովի և գրքերի հանդեպ։ Փարիզ տեղափոխվելուց հետո կենտրոնանում է բանաստեղծություններ գրելու և գրքեր կազմելու արվեստի վրա: Նրա աշխատանքներն արժանանում են հայտնի մարդկանց ուշադրությանը, և նա սկսում է տարբեր ստեղծագործությունների համար մրցանակներ ստանալ Լոնդոնում, Նյու Յորքում, Փարիզում և Բրյուսելում:
1917թ. Ատլանտյան օվկիանոսի ֆրանսիական ափին կատարում է իր առաջին լուսանկարները: 1927թ. ամուսնանում է իտալացի դիվանագետ Մարսել Կոնտիի հետ և սկում է ճանապարհորդել ամբողջ աշխարհով` ուսումնասիրելով ծովը և այն խնդիրները, որոնց բախվում են ձկնորսները: Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում Անիտա Կոնտին մշակում է ձկնորսության գիտական մեթոդիկան` կիրառելով նավիգացիոն քարտեր: Բազմաթիվ գիտական հոդվածներ և զեկույցներ է հրատարակել արդյունաբերական ձկնորսության բասացական հետևանքների և ձկնորսության հետ կապված բազմաթիվ խնդիրների մասին:
1939թ. երեք ամսով «Վիկինգ» ձկնորսանավով ձողաձուկ որսալու համար Արկտիկա է ուղևորվում: Արդեն այնտեղ նա գալիս է այն երզրահանգման, որ ձկնորսության չարաշահումը կարող է չափազանց ծանր հետևանքների հանգեցնել: 1941-1943թթ. ֆրանսիական ծովակալության հանձնարարությամբ ձկնորսանավով երթևեկում է Աֆրիկայում` կատարելագործելով ձկնորսության մեթոդները, կազմում է քարտեզներ, նկարագրում նոր ձկնատեսակներ: Ուսումնասիրության հիմնական նպատակը բնակչությանը և ֆրանսիական բանակին ձկնատեսակներով մատակարարելն էր: Նա սովորեցնում է ձկնորսներին` առաջարկելով տեղական ձկնորսական տեխնիկայի բարելավում, սահմանում է ձկները հավաքելու և պահելու մեթոդները: Փորձում է շնաձկերի փորձարարական արդյունահանություն ստեղծել, որոնց լյարդում զգալի քանակությամբ А վիտամիններ է պարունակվում:
Ֆրանսիա վերադառնալով` պայմանագիր է կնքում մի հրատարակչի հետ, որը պատվիրում է նրան նկարագրել Նյուֆաունդլենդի արդյունաբերական շրջանի պատմությունը։ Որպես ակվամշակույթի նվիրյալ` 1960թ. առաջարկում է ծովային միջավայրի համալրման մեթոդներ։ 1952թ. Անիտա Կոնտին վերադառնում է Փարիզ: Ադրիատիկ և Հյուսիսային ծովերի ափին վայրի ձկների բուծման գյուղացիական տնտեսություններ է հիմնում: 1971թ. Անիտա Կոնտին օվկիանոսի, կենդանիների և մարդու փոխգործակցության մասին հետազոտություններ է հրապարակում` առաջարկելով մեթոդներ, որոնք կապահովեն օվկիանոսի վրա մարդու ազդեցության ընթացքում հավասարակշռության պահպանմանը:
Կյանքի մնացած տարիներին Անիտա Կոնտին տարբեր համագումարների, կոնֆերանսների և ֆորումների շրջանակներում ծովային աշխարհի պահպանման օգտին բազմաթիվ ելույթներով է հանդես եկել: Նա ֆրանսիայում և ամբողջ աշխարհում առաջին կին օվկինաոսագետն էր: Մահացել է 1997 թվականի դեկտեմբերի 25-ին՝ հեռացավ 99 տարեկանում:
Դեռևս երիտասարդ տարիքում «Թեոդոր Թիսյե» նավով օվկիանոսում և ծովերում ուսումնասիրում և սահմանում էր ձկների վտառների վայրերն ու դրանց գտնվելու խորությունը: Հանգամանորեն ուսումնասիրելով Հյուսիային Ատլանտիկայի և Աֆրիկայի արևմտյան ափերը` գրել է «Կինը ծովում» և «Օվկիանոսի ափերը» գրքերը: Անիտա Կոնտին բազմաթիվ խնդրահարույց հոդվածներ, բանաստեղծություններ, պոեմներ, փիլիսոփայական էսսեներ է հրապարակել և իր լուսանկարները ներկայացրել աշխարհի տարբեր երկրներում: Անձամբ պատկերազարդել է իր հեղինակած բոլոր գրքերը: Երկրորդ համաշխարհային պատերազմի հենց սկզբում Պա Դե Կալե նեղուցում, Բարենցի ծովում և Շպիցբերգենում ականազերծման հարցերով է զբաղվել: Հետպատերազմյան սովի տարիներին շատ երկրներ օգնություն ցուցաբերելու խնդրանքով հրավիրում էին Անիտային, որպեսզի ինչպես այն ժամանակ ասում էին, նրա օգնությամբ տեղեկանային գրագետ և ամենաբարենպաստ ձկնորսության մեթոդներին: Օվկիանոսագիտության բազմաթիվ միջազգային կոնֆերանսների ընթացքում քննարկվել են նրա զեկույցներն ու աշխատանքները: Ֆրանսիացի հայտնի գիտնական, ջրասույզ Ժակ Իվ Կուստոմ բազմիցս հայտարարել է, որ որ առանց Անիտա Կոնտիի ուղղակի հնարավոր չէր լինի կազմակերպել և ստեղծել Մոնակոյի հայտնի Օվկիանոսագիտական թանգարանը: Ժակ Իվ Կուստոն նաև խոստովանել է, որ Անիտա Կոնտիի հետազոտությունների, լուսանկարների և գրքերի շնորհիվ մարդիկ այժմ պատկերացում ունեն ստորջրյա աշխարհի կյանքի մասին:
Անիտա Կոնտին լուսանկարչական սարքը ձեռքին ճանապարհորդել է ամբողջ աշխարհով: Յուրահատուկ ալբոմներ է ստեղծել Շոտլանդիայի, Իսլանդիայի և Գրենլանդիայի մասին: Ժամանակակից աշխարհում նրան «Շրջազգեստով Մագելան» են անվանում: Նրա աճյունափոշին, իր կտակի համաձայն, սփռել են Միջերկրական ծովում։ Ֆրանսիայում Անիտա Կոնտիի անվան լուսանկարների գրադարան է բացվել: Նրա հիշատակը հավերժացնելու համար կառուցվել է «ANITA CONTI» ձկնորսական նավը: Ֆրանսիայում նրա անունով փողոց, զբոսայգի և վարժարան կա:
Նյութի աղբյուրները՝ https://www.youtube.com/watch?v=t7ulerUTpFY , http://archive3.ankakh.com/ , http://www.jamanak.com/
Հրապարակման պատրաստեց ita.am-ը