Էս կառավարության ո՞ր ասածը ճիշտ եղավ. Երևանում և Գյումրիում խուճապային գնումներ են անում
Advertisement 1000 x 90

Էս կառավարության ո՞ր ասածը ճիշտ եղավ. Երևանում և Գյումրիում խուճապային գնումներ են անում

Հայաստանի մայրաքաղաք Երևանի խանութներում` հատկապես խոշոր սուպերմարկետներում, այսօր տարբեր ապրանքների դատարկ ցուցափեղկեր շատ կային, հատկապես ալյուրի, ձեթի և շաքարավազի բաժիններում։

Պատճառն այն է, որ բնակիչները խուճապի են մատնվել, կարծում են, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության պատճառով երկրում կարող է սննդամթերքի դիֆիցիտ լինել ու ամենաանհրաժեշտ ապրանքները մեծ քանակությամբ են գնում։ Նման իրավիճակ, սակայն, ոչ բոլոր խանութներում է։ ՀՀ իշխանություններն էլ վստահեցնում են, որ Հայաստանում սննդամթերքի դիֆիցիտ չի սպասվում։

Ի՞նչ է կատարվում երևանյան խոշոր սուպերմարկետներում

«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի մի մասնաճյուղում ալյուր ընդհանրապես չկար, իսկ մյուսում ձեթի ցուցափեղկերն էին կիսով չափ դատարկ, ալյուրը մնացել էր միայն պարկերով, շաքարավազն էլ գրեթե վերջանում էր։

«Իրականում ընդամենը խուճապ է ժողովրդի մոտ, սակայն մենք ապրանքի քանակության խնդիր չունենք, անընդհատ ստանում ենք ու գրեթե անմիջապես սպառվում է։ Միակ խնդիրն այն է, որ սննդամթերքը շատ շուտ է սպառվում ու մասնաճյուղեր չեն հասցնում արագ մատակարարել»,– նշեց սուպերմարկետի աշխատակիցը և հավելեց, որ հնարավոր է` ստեղծված իրավիճակից ելնելով` մատակարարումն իրականացնեն և՛ առավոտյան, և՛ երեկոյան։

«ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկում չցանկացան մեկնաբանել, սակայն ցուցափեղկերին առկա էր և՛ ձեթ, և՛ ալյուր, և՛ շաքարավազ։ Վերջինը սակայն թանկացել էր` շուրջ 300 դրամից դառնալով 560 դրամ։

Այս խուճապային իրավիճակից անմասն չի մնացել նաև ՀՀ երկրորդ խոշոր քաղաքը` Գյումրին։ Այստեղ վերջին օրում որոշ խանութներում (հիմնականում քաղաքի կենտրոնական հատվածում մեծածախ առևտրով զբաղվող) իրարանցում է։

«Մտա խանութ մեկ շիշ ձեթ գնելու, մեկ էլ զգամ, որ հոսանքը ինձ քշեց, նորից դուրս հանեց խանութից: Այդպես էլ չկարողացա այդ մեկ շիշը գնել: Պարկերով մակարոն ու ալյուր են տանում, չես հասկանում` ինչու են այդքանը անում: Նման վիճակ լոքդաունի ժամանակ էր»,- Sputnik Արմենիային ասաց Սոնա Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ առաջին անհրաժեշտության սննդամթերքը թանկացել է բոլոր խանութներում:

Թանկացում կա, դեֆիցիտ` ոչ։ Գյումրիում նույնպես ոչ բոլոր խանութներում է կան դատարկ ցուցափեղկեր։

«Հենց հիմա կարող եմ ցույց տալ, որ պահեստում ամեն ինչ կա՝ ո՛չ շաքարավազի, ո՛չ ալյուրի, ո՛չ էլ ձեթի պակաս չունենք։ Տեսնում են, որ լիքն է ու ապրանքի պակաս չկա, ամեն դեպքում տանում են, նույնիսկ նրանք, ովքեր, օրինակ, ալյուրը տարեկան մեկ կամ 2 անգամ էին գնում, այսօր արդեն 2 պարկ են տանում»,- նշեց խանութներից մեկի սեփականատերը` ցույց տալով լիքը ցուցափեղկերը։

Նա կարծում է, որ մարդիկ ուղղակի փորձում են «ապահովագրել» իրենց:

«Ի՞նչ անենք, որ կառավարությունը հայտարարում է, թե դիֆիցիտ չի լինի, էս կառավարության ո՞ր ասածը ճիշտ եղավ, որ մի հատ էլ սրան հավատանք, մենք մեր կախատեսումներն ունենք՝ եթե ասում են, որ բավարար պաշար կա, ուրեմն հակառակին սպասենք»,- նշեց տիկին Նաթելլան` հավելելով, որ չի կարող ՌԴ–ում ստեղծված իրավիճակը Հայաստանի վրա էլ չազդել:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով ստեղծված խուճապային իրավիճակը` ասաց, որ աննախադեպ գնաճ է, մարդիկ էլ մտածում են, որ այն դեռ կարող է շարունակվել ու ցանկանում են գոնե համեմատաբար էժան գնել առաջին անհրաժեշտության սննդամթերքը։

«Այս պարագայում մարդկանց մեղադրել չի կարելի։ Մարդիկ այստեղից– այնտեղից իմանում են, որ, օրինակ, շաքարավազի դեֆիցիտ կարող է լինել, հետո գնում են խանութ, տեսնում են, որ այդ ապրանքը սպառվել է, գնում է կողքի խանութ, տեսնում է, որ կա, հարևաններին էլ է ասում։ Ստացվում է այնպես, որ այդ խանութում էլ է վերջանում ու արհեստական պրոցես է սկսվում, բայց այնպես էլ չի, որ մարդկանց անհանգստությունը բացարձակ անտեղի է»,– ասաց Պիպոյանը։

Հիշեցնենք` մարտի 10–ին ՌԴ–ն արգելք է սահմանել ԵԱՏՄ երկրներ հացահատիկ արտահանելու վրա։ Սահմանափակումը ժամանակավոր է և գործելու է մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը` ցորենի, աշորայի, գարու և եգիպտացորենի վրա։

Բացառություն է նախատեսված ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության տրամարդած արտահանման լիցենզիաներով մատակարարումների համար։

armeniasputnik.am