Հանրաճանաչ երգիչ, երաժիշտ և դերասան Գարուն, որին ամբողջ աշխարհում լայն ճանաչում բերեց Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» ստեղծագործության համանուն մյուզիքլում Քվազիմոդոյի դերը, մենահամերգներով կներկայանա Երևանում, համերգային ծրագրերը տեղի կունենան ապրիլի 21, 22-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Համերգները կազմակերպվում են Ֆրանկոֆոնիային Հայաստանի լիիրավ անդամակցության 10-ամյակի կապակցությամբ:
Գարուն Հայաստանում ելույթ է ունեցել նաև 2009 թվականին: Լրագրողների հետ հանդիպմանը երգիչը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում համերգով հանդես գալը: Նա հնարավորություն է ունեցել այցելելու Հայաստանի պատմության թանգարան, սակայն խոստովանել է, որ իրեն հատկապես տպավորել է Խոր Վիրապը:
Երգչի անունը Պիեռ է, ազգանունը՝ Գարան, սակայն նրան վաղուց են դիմում Գարու կեղծանվամբ:
Երգեր գրելուց, կատարելուց զատ Գարուն նաև ֆիլմերում է նկարահանվում: Նա նկարահանվել է ֆրանսահայ ռեժիսոր Էրիկ Կիվանյանի «Սիրո վերադարձ» ֆիլմի գլխավոր դերում: Մի առիթով նշել է, որ սիրով է համագործակցում հայ ռեժիսորների հետ: