Մարտի 16-ին պարուհի Իռեն Ուլիխանովան նշել է ծննդյան 39 տարեդարձը:Պարուհին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ տարեդարձը տոնել է ընտանիքի եւ իր հոգուն ամենահարազատ դարձած ընկերների հետ, չնայած, որ ընկերներից մի քանիսը չեն կարողացել ներկա գտնվել. «Առհասարակ մեր ընկերական շրջապատը շատ մեծ է, եւ միշտ այսպիսի ժամանակ դժվար է լինում տարանջատել, ում հրավիրել կամ չհրավիրել»:
–Իռե՛ն, իսկ ի՞նչ անակնկալներ են եղել Ձեզ համար անսպասելի:
-Այս տարի հատկապես բուռն էր, անակնկալներով լի: Գիշերն անսպասելի եկան իմ ընկերները, ավագ խմբիս պարուհիները, անկեղծ չէի սպասում, շատ ուրախացա: Բազում ծաղիկներ, նվերներ են ուղարկել տուն. Նաեւ անակնկալ էր, որ Գլենդել քաղաքի խմբիս ծնողները եկան մեր տուն՝ շնորհավորելու, անկեղծ շատ զարմացա եւ ուրախացա: Մի խոսքով, շատ ակտիվ, ուրախ ու պոզիտիվ օր եմ ունեցել:
–Ի՞նչ երազանքներ եւ նպատակներ ունեք: Արդյոք կա՞ մի բան, որը կարող է հետ պահել Ձեզ Ձեր նպատակից:
-Երազում եմ առողջություն եւ խաղաղություն լինի ամբողջ աշխարհում: Նպատակներս շատ են, մեծ են, բարդ են, բայց դանդաղ քայլերով գնում եմ այդ ուղղությամբ: Ինձ հետ պահել իմ նպատակից կարող եմ միայն ես, եթե ինքս իմ մեջ անալիզ անեմ ու հասկանամ, որ սա այն չէ, ինչի համար արժե նպատակադրվել:
–Ձեր ամենառոմանտիկ երեկոն ինչպիսի՞ն եք պատկերացնում:
-Չեմ պատկերացնում, հերիք չի ես ռոմանտիկ չեմ, Վահագը նույնիսկ այդ բառին ծանոթ չէ(ծիծաղում է):
–Խենթություններ հաճա՞խ եք անում:
-Ինձ շրջապատող մարդկանց, եթե հարցնեք՝ բոլորը կասեն, որ խենթ ու խելառ եմ: Չգիտեմ՝ ինչից ելնելով են ասում, ուրեմն մի բան գիտեն եւ մի բան կա:
–Երջանիկ է այն կինը, ով …
-Երջանիկ է այն կինը, ով ունի սիրող, գնահատող, անդավաճան ամուսին, լավ երեխաներ, առողջ ծնողներ, աշխատանք եւ լավ ընկերներ, իհարկե նաեւ շուն:
–Վախենում եք…
-Չհասցնելուց:
–Կինը իմաստուն է դառնում, երբ…
-Կինը կարող է իմաստուն այդպես էլ չդառնալ: Տարիներն առհասարակ կապ չունեն իմաստության հետ: Կարծում եմ՝ մարդիկ ներքին իմաստությամբ են ծնվում, ուղղակի ավելի արտահայտում է արդեն միջին տարիքում, երբ կյանքի բազմակի էտապներ անցած է լինում:
–Աշխարհի վերջը կգա այն ժամանակ, երբ…
– Աշխարհի վերջը կգա այն ժամանակ, երբ մարդը դադարի սիրել, երբ արեւը դադարի ջերմացնել, երբ մարդկային ագահությունը եւ չարությունը շատանա:
–Եվ Ձեր գործողությունները որոնք կլինեն այդ ժամանակ…
-Վերջին պարս կպարեմ հարազատներով շրջապատված: