Ոստիկանությունը որևէ քաղաքական գործունեություն չի իրականացնում։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ փոխոստիկանմապետ, գնդապետ Արա Ֆիդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ճիշտ է արդյոք, որ ոստիկանությունը քաղաքական գործընթացներին օգնում է կամ ՔՊ-ին քաղաքական ծառայություններ է ներկայացնում։
Լրագրողի դիտարկմանը, որ տեղեկություններ է ստանում, որ Արարատի մարզում Վեդի խոշորացված համայնքում ընտրությունների համար որպես ընտրակաշառք որոշ պատգամավորներ երաշխավորում են, որ անձիք կարող են դառնալ պարեկային ծառայող, եթե օգնեն Գարիկ Սարգսյանին։ Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք նման միջնորդություններ լինում են, թե ոչ և ճիշտ է արդյոք, որ ոստիկանությունը քաղաքական գործընթացներին օգնում է կամ ՔՊ-ին քաղաքական ծառայություններ է ներկայացնում։
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, արձագանքելով հարցին, նշեց, որ մինչ օրս ոստիկանությունը նման տեղեկություն չի ստացել, ապա հավելեց՝ եթե ավելի հստակ տեղեկություն կա, թող փոխանցեն իրենց։ Ինչ վերաբերում է ոստիկանությունում և պարեկային ծառայությունում նշանակվելուն, Ֆիդանյանը նշեց, որ պարեկային ծառայողները հնգամսյա ուսուցման կուրսն ավարտելուց հետո համապատասխան քննություն են հանձնում, ինչով որոշվում է նաև վերջիններիս՝ պաշտոնում նշանակվելու ընթացակարգը։
«Երևան քաղաքում նշանակումները եղել են հետևյալ կերպ՝ առավել բարձր գնահատական և կարգապահություն ցուցաբերած անձինք նշանակվել են ավելի բարձր պաշտոնների»,- նշեց Ֆիդանյանը։
Վերջինս վստահեցրեց՝ ոստիկանությունը որևէ քաղաքական գործունեություն չի իրականացնում։