Օրերս Երևանի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցների և «էրեբունի» բասկետբոլի ակումբի մի քանի մարզիկների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել, բոլոր բերման ենթարկվածները ԱՄՆ քաղաքացիներ են։ Ոստիկանության Արաբկիրի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Փափազյան փողոցում գործող «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել ԱՄՆ քաղաքացիների, որոնք մարզիկներ են:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ այդ օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում Երևանում բնակվող ԱՄՆ քաղաքացիներ, 26-ամյա Ռոբերտ Հոբսը, 27-ամայ Օմեգա Հերիսիցրը, 29-ամյա Բենզել Մենսերը, 24-ամյա Դեվիդ Նիկլբերիրը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, նշված առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում երկաթե կայանման նշաններով հարվածներ են հասցրել նշված կենտրոնի անվտանգության աշխատակիցներ, Կոտայքի մարզի բնակիչ, 39-ամյա Էդուարդ Սահակյանին (նշված առևտրի կենտրոնի անվտանգության պետն է), Երևանի բնակիչներ, 50-ամյա Հակոբ Հակոբյանին և 45-ամյա Էդուարդ Հարությունյանին, պատճառելով մարմնական վնասվածքներ:
ԱՄՆ քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, կատարվածի մասին բացատրություններ են տվել։
Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը «Հրապարակի» հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց միջադեպից։
«Ես այնտեղ ներկա եմ եղել միայն արդեն այն ժամանակ, երբ սպասում էինք ոստիկանությանը։ Մամուլում մի քիչ սխալ ձև է գրվել, ներկայացվել իրավիճակը։ Սխալ է գրված, որ բասկետբոլիստներն են ծեծել։ Նախ այդ բասկետբոլիստները մեղավոր են եղել, թե մեղավոր չեն եղել, դա ես չպիտի պարեզեմ, բայց կարող եմ ասել, որ այո, հաստատ հնարավոր է իրենց վատ են պահել, սակայն հատկանշականն այն է, որ ոստիկանություն դիմել են հենց բասկետբոլիստները, ոստիկանություն հենց իրենք են կանչել։ Սպասել են այնքան, մինչև ոստիկանությունը գա, իրենք համոզված են, որ մեղավոր չեն։ Այո, իրենք իրենց մեղավորությունը ինչ-որ չափով ընդունում են, բայց որ հենց նրանք են դիմել ոստիկանություն, արդեն ինչ-որ բանի մասին կարելի է եզրակացություն անել»,- ասաց Պողոսյանը։
«Այդ հոդվածները, որոնք գրվել են, այնպիսի տպավորություն է, թե միայն բասկետբոլիստներն են մեղավոր եղել, կռիվ հրահրել և այլն։ Իրականում ոչ թե իրենք են խփել երկաթներով, այլ իրենց են խփել։ Մամուլում նույնիսկ բասկետբոլիստների անունները հրապարակվեցին ու ես ուղղակի չեմ հասկանում՝ ինչու է ոստիկանությունը մեդիային նման տվյալներ տրամադրում, մանավանդ եթե դեռ ոչ մի բան որոշված չէ, քրեական գործ անգամ հարուցված չէ։ Ես կարծում եմ՝ գործ չի էլ հարուցվելու։ Նրանց տարել են ոստիկանություն ու առավոտյան 06։00-ին բաց են թողել։ Այդ անվտանգության աշխատակիցներին էլ են տարել ոստիկանություն, երևի կռվի մասնակիցները եղել են մոտ 20 հոգի։ Այս կռվի ու մյուս կռիվների տարբերությունն այն է, որ նրանք բասկետբոլիստներ են ու շատ որակով։ Նրանք առաջնության եզրափակիչ են դուրս եկել, շատ մեծ հավանականություն կա, որ եզրափակիչում էլ կհաղթեն։ Որ իրենց վատ են պահել, ես դրան միանշանակ հավատում եմ, բայց որ բարձր որակներ ունեն, դա ևս միանշանակ է»,- նշեց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ մարզիկների մոտից առգրավվել են նաև բջջային հեռախոսներն ու բանկային քարտերը։
«Լավ, ասենք դա ինչի համար են վերցրել։ Նրանք հիմա կապի ու ֆինանսական միջոցներ չունեն։ Նրանք իրենց աշխատավարձն էլ են հենց այդ քարտերով ստանում։ Նրանք ամերիկացիներ են, հիմա ոնց են իրենց հարազատների հետ կապվելու։ Բանկային քարտերով մարդ էին ծեծելու՞, դա վերցնելու իմաստը որն է։ Հիմա եթե ուզեն նրանց ուզեն հարցաքննության կանչեն, ոնց են կանչելու, հեռախոս չեն թողել անգամ։ Լիգան երեկոյան իր հայտարարությունը կանի, իր վերաբերմունքը կհայնտի տեղի ունեցածի վերաբերյալ։ Ա լիգան նրանց ինչով որ կարողանա, անպայման կօգնի, բայց օրենքի սահմաններում։ Եթե նրանք իրոք մեղավոր են, պատասխանը պիտի տան»,- հավելեց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ hraparak.am