Գրող, թարգմանիչ և դիվանագետ Աշոտ Ալեքսանյանը Հրաչյա Թամրազյանի մահվան կապակցությամբ Facebook-յան իր էջում գրում է.
Հրաչյա Թամրազյանին՝
ընկերոջս, բանաստեղծին, մարդուն և քաղաքացուն,
ի հիշատակ գեղեցիկ ոգևորությանց ավուրց
Եվ բառերի համար քո մորմոքուն,
և ոգեղեն նյութիդ՝ լույսի պես ջինջ,
և խոհերիդ համար մաքրամաքուր,
տենչանքներիդ համար խենթ ու աննինջ,
ա՛րդ ձոնում եմ ես քեզ իմ այս նվիրաձիր
սրտակարոտ հոգու բառերի չուն,
որ ձուլելով մի օր մեր երկուսին ի մի՝
մեզ պարգևեց հրճվանք մի գերագույն:
Եվ այս հիմնահատակ եղած կյանքի ծովում
մեր երկուսի սրտերն իրար գտան,
այնժամ ա՛յր էիր դու մի իմաստուն
և ես շեփորահար մի անքանքար:
Եվ հիշելով օրերն այն լուսապայծառ
ու պատռելով կուրծքը ժամանակի՝
ես այսօր քեզ դուրս եմ բերում, եղբա՛յր,
այս խավարից, մուժից դժնապատիր,
ու դնում եմ ես քեզ նշխար իբրև
ամբոխի դեմ խեցբեկ, կոկորդախոս,
որ շուրթերով թոշնած, պաղ ու բեկ-բեկ
ճայթեցնում է բառեր պոռոտախոս…
Եվ դիմում եմ ես քեզ Նարեկացու՛ հանգույն,
Անանիայի սակայն, ի Նարեկա վանից,
անդավաճա՛ն եղար հանդեպ ներքին մարդուդ,
ավա՜ղ ճաք է տվել սրբատունը դրսից…