Կորոնավիրուսային հիվանդությունը շատ դեպքերում բավական ծանր ընթացք է ունենում՝ ուղեկցվելով մի շարք տհաճ ախտանշաններով, սակայն ոմանց մոտ անգամ առողջացումից 6 ամիս անց դեռ պահպանվում են որոշ ախտանշանները՝ բացասաբար անդրադառնալով կյանքի որակի վրա։ Այժմ բրիտանացի գիտնականները պարզել են, ինչով է պայմանավորված հետքովիդային համախտանիշի ամենատարածված դրսևորումներից մեկի՝ հևոցի պահպանումը հիվանդությունից հետո։
Ինչպես փոխանցում է medikforum.ru կայքը, Լոնդոնի կայսերական քոլեջի գիտնականները մանրակրկիտ ուսումնասիրել են կորոնավիրուսի ծանր տեսակներով հոսպիտալացված տասնյակ հիվանդների համակարգչային շերտագրության պատկերները և արդյունքում եկել են այն եզրահանգման, որ հևոցի պահպանումը կորոնավիրուսից հետո պայմանավորված է շնչուղիներում գտնվող իմունային բջիջների փոփոխություններով։ Բանն այն է, որ կորոնավիրուսը բացասաբար է անդրադառնում դրանց վրա՝ առաջացնելով շնչառական համակարգի ծանր ախտահարումներ, ինչն էլ նման հետևանքներ է ունենում։
Համակարգչային շերտագրության պատասխանների ուսումնասիրությունից բացի գիտնականները հաշվի են առել նաև հիվանդների արյան և թոքերից վերցված հեղուկի նմուշների հետազոտությունների պատասխանները։ Ստացված տվյալները գիտնականները համեմատել նույն թվով առողջ մարդկանց բուժզննումից ստացված տվյալների հետ։ Արդյունքում հետազոտությունը ցույց է տվել, որ քովիդի ծանր տեսակով հոսպիտալացված և հետագայում հևոցի խնդրին բախված հիվանդների թոքերում իմունային բջիջների քանակությունը զգալիորեն ավելի մեծ է։
Հետաքրքրական է, որ արյան հետազոտությունների արդյունքներում զգալի տարբերություններ չեն նկատվել։ Գիտնականները ենթադրում են, որ կորոնավիրուսի հարձակման հետևանքով տեղի է ունենում էպիթելային բջիջների արագացված ոչնչացում, իսկ հևոցը պարզապես վկայում է շնչառական համակարգում ծանր գործընթացների մասին։ Այս խնդրի դեմ պայքարի համար պարզապես հարկավոր են իմունային համակարգը թուլացնող և բորբոքումների մակարդակը նվազեցնող դեղորայք ընդունել։