«Ֆրանսիան պարտավոր է պաշտպանել հայ ժողովրդին ամեն անգամ, երբ Հայաստանը վտանգի ենթարկվի». Ֆրանսիայի Ռոն-Ալփ ռեգիոնի նահանգապետ Լորան Վոքյեզ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ֆրանսիան պարտավոր է պաշտպանել հայ ժողովրդին ամեն անգամ, երբ Հայաստանը վտանգի ենթարկվի». Ֆրանսիայի Ռոն-Ալփ ռեգիոնի նահանգապետ Լորան Վոքյեզ

Ֆրանսիայի Ռոն-Ալփ ռեգիոնի նահանգապետ Լորան Վոքյեզը այսօրվա իր ելույթում՝ խոսելով Ուկրաինայի պատերազմը դատապարտելու հարցում Ֆրանսիայի ակտիվության մասին, ասել է.

«Բայց չէ՞ որ սրանից առաջ ուրիշ պատերազմ է եղել: Այդ նախորդ պատերազմը հարվածեց Հայաստանին: Այդ նախորդ պատերազմը Արցախում էր: Այն հրահրվեց մի երկրի կողմից, որը սնվում է նավթային շահերով: Այդ երկիրը Ադրբեջանն է, որն իր սպառազինությամբ ջախջախեց հայերի հերոսական դիմադրությունը Արցախի տարածքում: Արդյո՞ք մեր վրդովմունքն այն ժամանակ այս աստիճանի էր, արդյո՞ք կիրառվեցին միջազգային տնտեսական պատժամիջոցներ, այն դեպքում, երբ այնտեղ նույնպես թիրախավորված էր ազատությունը: Հակառակ նրա, որ հայ ժողովուրդը մեզ համար եղբայր ժողովուրդ է, հակառակ նրա, որ ֆրանսահայ համայնքը Ֆրանսիայի պատմության մի մասն է կազմում, հակառակ այս ամենի, մենք բոլորս նույն հակազդեցությունը ցույց չտվեցինք:

Սա մտածելու տեղիք է տալիս:

Մեր անելիքը միայն Միսաք Մանուշյանին մեծարելը չի, մենք պարտականություն ունենք Հայաստանի նկատմամբ: Այդ ժողովուրդն իր պատմության ընթացքում շատ է տառապել: Մենք պատասխանատու ենք նաև ֆրանսահայ համայնքի առաջ, և այդ պատասխանատվությունը չպետք է սահմանափակվի Մանուշյանին Պանթեոնում վերահուղարկավորելով: Մանուշյանի հիշատակը մենք կհարգենք միայն այն դեպքում, երբ Հայաստանի կողքին կանգնենք մշտապես, երբ նրա շուրջ գտնվող ուժերը փորձեն հարձակվել Հայաստանի վրա: Ֆրանսիան պարտավոր է պաշտպանել հայ ժողովրդին ամեն անգամ, երբ Հայաստանը վտանգի ենթարկվի»:

Մարինա Բաղդագյուլյանի ֆեյսբուքյան էջից