ԽՍՀՄ փլուզումից հետո քաղաքագիտական գրականության մեջ բեսթսելերային էին համարվում հետևյալ 3 գրքերը՝
– Ֆրենսիս Ֆուկույամայի «Պատմության ավարտը և վերջին մարդը» (1992թ.),
– Սամուել Հանթինգթոնի «Քաղաքակրթությունների բախումը» (1993թ.),
– Զբիգնև Բժեզինսկու «Շախմատային մեծ խաղատախտակը» (1997թ.)։
Այս երեքն էլ ԱՄՆ դոմինանտության ու միաբևեռ աշխարհի մասին էին գրում, բայց անկեղծը Բժեզինսկին էր, որը չէր էլ թաքցնում, որ կարևորը տնտեսական ու քաղաքական շահն է, այլ ոչ թե ժողովրդավարության տարածման մասին լոլոները։ Նա «ոսկե միլիարդից» դուրս տեսնում էր կա՛մ մատաղացու գառներ, կա՛մ օգտագործվող մարտավարական դաշնակիցներ։
Բժեզինսկին խոսում էր ոչ թե վերացական պատմության ավարտի, կրոնական կամ մշակութային բաժանումների հիման վրա քաղաքակրթությունների բախման, այլ իրական քաղաքականության մասին։
Բժեզինսկին չէր թաքցնում, որ ԱՄՆ շահերը պահանջում են ԽՍՀՄ փլուզումից հետո շարունակել Ռուսաստանի դեմ պայքարը և աշխարհաքաղաքականությունը վարել ոչ թե արժեքային (ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և այլն), այլ «չոր» շահերից ելնելով։ Ըստ այդմ՝ ԱՄՆ–ը կարող է խոսել ժողովրդավարությունից, բայց աջակցել ավտորիտար ռեժիմներին կամ դաշնակցել նրանց հետ։ ԱՄՆ կարող է քարոզել մարդու իրավունքների պաշտպանություն, բայց դաշնակցել գիշատիչ պետությունների հետ։
Ուկրաինական ճգնաժամը հերթական անգամ հերքեց Ֆուկույամայի տեսությունը և արժեզրկեց Հանթինգթոնի տեսությունը։ Պատմությունը չի ավարտվել։ Բախվում են ոչ թե քաղաքակրթությունները, այլ շահերը։
Ռուս–ուկրաինական ռազմական դիմակայությունը, Արևմուտք–Ռուսաստան բախումը ցույց են տալիս, որ ներքաղաքակրթական բախումը շատ ավելի դաժան է միջքաղաքակրթականից։
Արաբական աշխարհում ու Աֆրիակում էլ նման երևույթների հանդիպեցինք. «Իսլամական պետության» գլխակերներն իրենց արաբ ցեղակիցներին դաժանորեն հոշոտում էին (Թուրքիայի անմիջական հովանավորությամբ)։
Ուկրաինացիներն ու ռուսները նույն ժողովուրդն են, բայց ուկրաինական քաղաքական վերնախավի խամաճիկային լինելու, անհեռատեսության, տգիտության ու Կրեմլի կոպիտ սխալների (դրանց թվին է պատկանում «փափուկ ուժի» չկիրառումը) պատճառով իրար են սպանում։
Արևմուտքին հաջողվեց ռուս–ուկրաինական ներէթնիկ պատերազմ հրահրել՝ հանուն սեփական շահի (Բժեզինսկին հենց սա էր ուզում ու քարոզում 1997–ից)։ Այսինքն՝ Հանթինգթոնի այն թեզը, թե ԽՍՀՄ փլուզումից հետո բախումները բացառապես քրիստոնա ու մահմեդական շրջանակների միջև են լինելու և նույն քաղաքակրթությանը պատկանողները միմյանց դեմ չեն պատերազմելու, հերքվում է։
ՌԴ–ն արևմտյան քաղաքակրթության մաս է կազմում, բայց դա չի խանգարում բախման մեջ մտնել ու իրար սպառնալ միջուկային մարտագլխիկներով։
Հանթինգթոնի տեսությունը հերքվեց նաև Արցախյան 44–օրյա պատերազմում այն առումով, որ հայ–թուրքական բախումը, բացի ազգային–ազատագրականից, ազգերի ինքնորոշման իրավունքի համար պայքարից, նաև քաղաքակրթական էր, բայց Արևմուտքը գործնականում աչք փակեց թուրք–ադրբեջանական բարբարոսությունների վրա, մինչդեռ ըստ Հանթինգթոնի՝ ԱՄՆ–ը և մյուսները պետք է գործուն աջակցություն ցույց տային «ժողովրդավարության բաստիոն» հռչակված և քրիստոնեական քաղաքակրթության պիոներներից համարվող Հայաստանին։
Փոքրիկ Արցախը 44 օր դիմադրում էր վարձկան–ահաբեկիչներով համալրված թուրքական կոալիցիային, բայց Արևմուտքից ընդամենն արժանացավ թվիթերյան մեկ–երկու գրառման և զինադադարի ապահովման անհաջող փորձերի (ո՞վ է հիմա հիշում «սկանդինավյան խաղաղապահների» մասին)։
Արևմուտքից, սակայն, նեղանալ պետք չէ։ Ամեն մեկն իր շահն ունի։ Մեր խնդիրը պետք է լինի հնարավորինս շատ դաշնակիցներ ու աջակիցներ ունենալը։ Եթե մենակ ես մնում, ուրեմն սխալը դու ես, ոչ թե քո ողբերգությունը չնկատողները։
ՌԴ շահը կար, և Մոսկվան կանգնեցրեց Արցախյան պատերազմն ի՛ր համար կարմիր գիծ համարվող կետում։ Հակառակ դեպքում Հայաստանի իշխանությունների որդեգրած «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո պատերազմն ավարտվելու էր Ստեփանակերտում (ի դեպ, վտանգը չի վերացել, ավելացել է. թուրքերի թիրախում հիմա Երևանն է, ինչքան էլ սեփական աթոռով մտահոգ նիկոլական իշխանությունը բթացնի ՀՀ քաղաքացիների զգոնությունն ու թուրքական օրակարգի շրջանակներում մահաբեր «Խաղաղության դարաշրջան» քարոզի)։
Արևմուտքի շահը կա ուկրաինական պատերազմում և նրանք կռիվ են տալիս Ռուսաստանի դեմ՝ ուկրաինացիների արյան գնով, իհարկե։ Սա՛ է ռեալպոլիտիկը։ Բժեզինսկիական ռեալպուլիտիկը։ Մնացածը տեսություն է։
Եվ վերջում մեզ սպասվող իրադարձությունների մասին։
Հաշվի առնելով աշխարհաքաղաքական խաղատախտակը՝ ուկրաինական պատերազմի արդյունքն ուղղակի ազդեցություն է ունենալու մեր երկրի վրա։
Եթե ՌԴ–ն հաղթի կամ առնվազն չպարտվի ու աշխարհում որոշակի հավասարակշռություն հաստատվի, ապա Հայաստանի անվտանգությունն ապահովված կլինի։ Մնացածն արդեն ՀՀ քաղաքացիների անելիքն է։
Եթե ՌԴ–ն պարտված կամ թուլացած դուրս գա այս պատերազմից, ապա Թուրքիան ու Ադրբեջանը կշտապեն օգտվել դրանից ու մեզ շատ վատ սցենար է սպասում (չեմ ուզում մանրամասները գրել. դժվար չէ պատկերացնելը)։
Լավ կլիներ, իհարկե, որ Արցախում հայերի ապրելու, ՀՀ անվտանգության երաշխավորը լինեին ոչ միայն ՌԴ–ն ու Իրանը (Սյունիքի մասով), այլն նաև ԱՄՆ–ը, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը, Հնդկաստանը, բայց իրականությունն այլ է (հրե՛ն, Արևմուտքը նույնիսկ Ուկրաինայում զորք չի մտցնում ու «օդը» չի փակում, էլ ուր մնաց, թե նրանց նավերը մեր լեռները բարձրանային)։
Մեր տարածաշրջանում կա՛մ ռուսական, կա՛մ թուրքական դոմինանտություն կարող է լինել։ Ընդ որում՝ Արևմուտքը, ՌԴ–ի դեմ պայքարի շրջանակներում, կողմ է թուրքական դոմինանտությանը։ Այնպես որ մտքեր արտահայտելուց և քաղաքական հայտարարություններ անելուց առաջ արժե քարտեզին նայել ու մասնագիտական գրականություն կարդալ։ Եվ առաջնորդվել բացառապես Հայաստանի ու Արցախի շահերով։
Իսկ նրանք, ովքեր նայում ու կարդում են, բայց շարունակում են գրել Հայաստանի շահերի դեմ՝ լավագույն դեպքում անմեղսունակներ են կամ Հայաստանի վերացման հաշվին «գռդոնչիություն» անողներ, իսկ հիմնականում՝ թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչներ։
Անդրանիկ Թևանյանի էջից