Քաղցկեղի ցանկացած տեսակն ավելի լավ է բուժվում, եթե վաղ փուլում է հայտնաբերվում: Թոքերի քաղցկեղի հիմնական խնդիրն այն է, որ այն սովորաբար բավական ուշ է հայտնաբերվում, երբ բուժումը, պարզվում է, քիչ անարդյունավետ է։
Թոքերի քաղցկեղի ամենատարածված ախտանիշը հազն է, սակայն շատերն ուշադրություն չեն դարձնում դրան: Ինչպես գրում է Express-ը, հղում անելով բրիտանացի բժիշկներին, եթե հազը 2-3 շաբաթվա ընթացքում չի անցնում, դա արդեն լուրջ պատճառ է բժշկի դիմելու համար։ Հազի տեսակը կարող է տարբեր լինել, ոմանց մոտ այն ուղեկցվում է խռռոցով կամ դռդռացող աղմուկով, մյուսները արյունով են հազում։
Ուշադրության են արժանի նաեւ կրծքավանդակի պարբերական վարակները: Պացիենտը կարող է ցավ զգալ, ինչպես նաեւ շնչահեղձություն, հոգնածություն կամ էներգիայի պակաս, ախորժակի կորուստ ունենալ եւ առանց ակնհայտ պատճառի նիհարել:
Թոքերի քաղցկեղի ավելի քիչ հայտնի ախտանիշը մատների արտաքին տեսքի փոփոխությունն է: Մատները կարող են կորանալ, կամ դրանց ծայրերը կարող են մեծանալ:
Հաճախ թոքերի քաղցկեղի դեպքում կուլ տալը նույնպես դժվարանում է: Քաղցկեղը կարող է ուղեկցվել խռպոտ ձայնով, կրծքավանդակի եւ ուսերի ցավով, դեմքի ու պարանոցի այտուցով։
Ծխողները թոքերի քաղցկեղի զարգացման ամենաբարձր ռիսկի տակ են: Մասնագետների կարծիքով՝ օրական 25 ծխախոտը 25 անգամ մեծացնում է թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը։ Չծխողներին բաժին է ընկնում թոքերի քաղցկեղի դեպքերի մոտ 10 տոկոսը։