Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո ստիպված կլինի հրաժարվել սեփական բջջային հեռախոսից: Ազգային անվտանգության ծառայության հետ քննարկումներից հետո Դոնալդ Թրամփը որոշել է օգտագործել ավելի անվտանգ հեռախոս, այս մասին հայտնում է Associated Press-ը: Բացի այդ, նա կփոխի իր հեռախոսահամարը, նշում է The New York Times-ը:
Դոնալդ Թրամփն ակտիվ օգտագործում է իր Android սմարթֆոնը Twitter-ում գրառումներ կատարելու համար: Աղբյուրները հայտնում են, որ Թրամփն օգտագործում է Samsung ընկերության արտադրած հեռախոս, որի մոդելը բացահայտելը բարդ է:
Ըստ աղբյուրների՝ Թրամփի հեռախոսահամարը շատ հեշտ է և հասանելի: Նախագահական քարոզարշավի ընթացքում նա հաճախ է ստացել զանգեր աստղերից, բիզնեսմեններից, այլ քաղաքական գործիչներից:
Թրամփի համար նման հասանելիությունն անհանգստացրել է Ազգային անվտանգության ներկայացուցիչներին: Քննարկումներից հետո Թրամփը որոշել է հրաժարվել իր սմարթֆոնից՝ ապահովելով Սպիտակ տան անվտանգությունը:
Դեռ նոյեմբերին Թրամփը հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարվել իր հեռախոսից, քանի որ դա կհեռացնի իրեն արտաքին աշխարհից:
Ի՞նչ էր օգտագործում Օբաման
Ամերիկայի Միացյալ Նահանգների արդեն նախկին նախագահ Բարաք Օբաման օգտագործում էր BlackBerry-ի ադապտացված սմարթֆոններից: Օբաման, օրինակ, չէր կարողանում ուղարկել կարճ հաղորդագրություններ կամ ձայնային հաղորդագրություններ:
Ի դեպ, Օբաման ԱՄՆ-ի միակ նախագահն է, ով կարողացավ իր համառության շնորհիվ շարունակել օգտագործել անձնական սմարթֆոն, որի միջոցով կարողանում էր գրառումներ կատարել Twitter-ում:
Սիրարփի Աղաբաբյան