Ովքեր և ինչու պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Advertisement 1000 x 90

Ովքեր և ինչու պետք է պատվաստվեն գրիպի դեմ

Գրիպը շնչառական համակարգն ախտահարող ամենատարածված ու վտանգավոր վիրուսային հիվանդություններից մեկն է, որի դեմ պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը ժամանակին պատվաստում ստանալն է: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է ովքեր և ինչու պետք է պատվաստվեն գրիպի դեմ:

Ինչու է պետք պատվաստվել գրիպի դեմ

  • Կարևոր է ստանալ գրիպի դեմ պատվաստում յուրաքանչյուր տարի, քանի որ գրիպի վիրուսներն անընդհատ փոփոխվում են, և, հետևաբար, գրիպի դեմ պատվաստանյութը յուրաքանչյուր սեզոն թարմացվում է՝ տվյալ սեզոնի ընթացքում շրջանառող վիրուսի տեսակին համապատասխան։ Պատշաճ պաշտպանություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է յուրաքանչյուր տարի ստանալ պատվաստում։
  • Գրիպի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը գրիպի դեմ պատվաստումն է: Պատվաստումը գրիպի կանխարգելման ամենածախսարդյունավետ միջոցն է:
  • Սեզոնային գրիպի դեմ հղի կնոջ պատվաստումը կանխարգելում է ինչպես մոր, այնպես էլ նորածնի հիվանդացությունը գրիպով կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում, գրիպի հակամարմինների տրանսպլացենտար փոխանցման ճանապարհով: Բացի դրանից հակամարմինները փոխանցվում են նաև կրծքով կերակրելու միջոցով:

Ովքեր պետք է պատվաստվեն

Առաջնահերթ պատվաստման ենթակա են նպատակային խմբերի անձինք, որոնք վարակի ծանր ընթացքի բարձր ռիսկ են հանդիսանում. հղի կանայք, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 և բարձր տարիքի մեծահասակները, քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք (շաքարային դիաբետով, սիրտ-անոթային համակարգի, երիկամների քրոնիկ հիվանդներ), բուժաշխատողները, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմը (զինծառայողներ, դպրոց ինտերնատներ, մանկատներ, ծերանոցներ, հոգեկան առողջության կենտրոններ):

Գրիպի դեմ պատվաստումն անվտանգ է, բայց երբեմն, պատվաստումից հետո 1-2 օր ներարկման հատվածում կարող են նկատվել թեթև ցավ, քոր, կարմրություն։

tert.am