Ո՞ր հիվանդությունները կարող են խանգարել քունն առնելուն։ Հարցին պատասխանել են ամերիկացի նյարդաբանները, հաղորդում է Eat This, Not That!-ը։
Նյարդաբան Դալիա Լորենցոն պնդում է, որ ապնոեն քնի որակի վրա ազդող ամենատարածված հիվանդություններից է։ Այս հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ շնչառական ֆունկցիան խանգարվում է, օդն ամբողջությամբ չի լցնում թոքերը, եւ արյան մեջ թթվածնի մակարդակը սկսում է նվազել։
«Երբ ուղեղը բավարար թթվածին չի ստանում, այն ազդանշան է ուղարկում արթնանալու համար: Ապնոե ունեցող մարդիկ կարող են ամբողջ գիշեր անցկացնել մակերեսային քնի մեջ: Նրանք կարող են անկողնում մնալ 10-14 ժամ, բայց երբեք խորը չքնել», – ասել է Լորենցոն:
Ապնոեի հիմնական ախտանշաններն են բարձր խռմփոցը, ցերեկային քնկոտությունը եւ ավելորդ քաշը:
Նյարդաբան Թոմաս Համոնդի կարծիքով՝ քնի խանգարման մեկ այլ պատճառ կարող է լինել անհանգիստ ոտքերի համախտանիշը։
«Այս խանգարումն առավել հաճախ դրսեւորվում է գիշերը, թեեւ շատերը կարող են զգալ այն ամբողջ օրվա ընթացքում»,- ասել է մասնագետը։
Նա հիշեցրել է, որ կան բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք կարող են օգնել պայքարել այս խանգարման դեմ։
Նարկոլեպսիան քնի մեկ այլ խանգարում է: Նարկոլեպսիայի նշան կարող է լինել շատ արագ կամ հանկարծակի քնելը անսպասելի պահին:
«Այս հիվանդությամբ մարդիկ կարող են զգալ հանկարծակի քնկոտություն կամ նույնիսկ ընկնել քայլելիս՝ մկանային տոնուսի կորստի պատճառով»,- ասել է Համոնդը:
Բժիշկները խորհուրդ են տալիս այս ախտանիշներից որեւէ մեկի ի հայտ գալու դեպքում անհապաղ դիմել մասնագետի։