Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ողջ կազմով շարունակում է բնականոն գործունեությունը, տեղեկացնում են դեսպանությունից։
«Այս օրերին ուշադրության կենտրոնում են մեր քաղաքացիներին ցուցաբերվող օժանդակությանը վերաբերող հարցերը։ Օդեսայում Գլխավոր հյուպատոսությունը, Լվովում և Ուժգորոդում նորաբաց ՀՀ ժամանակավոր հյուպատոսություններն ամենօրյա ռեժիմով ընդունում են քաղաքացիներին, որոնցից շատերը ռազմական գործողությունների ժամանակ կորցրել են իրենց փաստաթղթերը և դեպի հայրենիք վերադարձի վկայականի տրամադրման կարիք ունեն։ Տրամադրվում են նաև այլ հյուպատոսական ծառայություններ։
Դեսպանությունը բազմաթիվ հեռախոսազանգեր է շարունակում ստանալ։ Առաջին օրերին դեսպանության դիվանագետները 24-ժամյա ռեժիմով օրական ստացել են 1000-ից ավելի զանգ, այժմ դրանց թիվը հասնում է միջինը 300-ի։
Նշյալ աշխատանքին զուգահեռ, դեսպանությունը ողջ ծավալով իրականացնում է այլ գործառույթներ՝ լիարժեք կերպով մշտական կապ պահպանելով ինչպես հայկական, այնպես էլ ուկրաինական գերատեսչությունների հետ»,– ասվում է դեսպանատան տարածած հաղորդագրությունում։