Ուկրաինական լրատվամիջոցներն աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն ուկրաինացի նկարիչ են հռչակել։
Մարիուպոլի քաղաքային խորհուրդը Telegram-ի իր ալիքում հայտնել է Մարիուպոլում Արխիպ Կուինջիի անվան արվեստի թանգարանի շենքի ավերման մասին, որտեղ պահվում էին աշխարհահռչակ վարպետների բնօրինակ նկարներ։
«Գնդակոծության պահին թանգարանում Կուինջիի ստեղծագործությունների բնօրինակներ չեն եղել։ Մնացել են Անդրեյ Յալանսկու եւ Ալեքսանդր Օլխովի հեղինակային պատճենները:
Թանգարանում պահվում էին ուկրաինացի նկարիչներ Իվան Այվազովսկու, Նիկոլայ Գլուշչենկոյի, Տատյանա Յաբլոնսկայայի, Միխայիլ Դերեգուսի եւ այլոց ստեղծագործությունների բնօրինակները։ Դրանց ճակատագիրն այս պահին անհայտ է»,- հայտարարել է խորհուրդը։
Հովհաննես Կոնստանտինի Այվազովսկին ծնվել է Թեոդոսիայում, հայ վաճառական Այվազյանի (Գայվազովսկի) ընտանիքում, մկրտվել է Հովհաննես անունով։ Հայազգի մեծանուն նկարիչը՝ ծովային տեսարանների ստեղծողը, ունեցել է գաղտնի խորհրդականի կոչում, եղել է արվեստի հայտնի ակադեմիաների պատվավոր անդամ՝ Սանկտ Պետերբուրգում, Հռոմում, Ամստերդամում եւ եվրոպական այլ քաղաքներում։ Նա երկար է ապրել, ունեցել է բացառիկ աշխատունակություն եւ թողել է մի քանի հազար արվեստի գլուխգործոց։ Դրանցից մի քանիսը ներառված են համաշխարհային գեղանկարչության Ոսկե ֆոնդում։