ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելել է լեհական Ժեշուվ քաղաքում տեղակայված ամերիկյան 82-րդ օդադեսանտային ստորաբաժանման զինվորականներին, շնորհակալություն է հայտնել եւ նրանց հետ պիցցա է կերել Լեհաստանի նախագահի հետ հանդիպումից առաջ:
«Շնորհակալություն այն ամենի համար, ինչ դուք անում եք, դուք ամենալավն եք: Դուք լավագույններն եք, եւ դուք հանուն մեզ եք պայքարում համաշխարհային պատմության մեջ: ԵՎ դա չափազանցություն չէ»,- ասել է Բայդենն՝ այցելելով ճաշարան որտեղ հավաքվել էին ամերիկացի զինվորականները: ԱՄՆ ԶՈՒ ստորաբաժանումը տեղակայված է Ժեշուվ-Ջասիոնկա միջազգային օդանավակայանի մոտակայքում գտնվող մարզադաշտում, փոխանցում է CNN-ը:
Շնորհակալություն հայտնելով զինվորականներին՝ Բայդենը հետաքրքրվել է՝ ավարտել են արդյոք նրանք ճաշը եւ եթե այն նոր են սկսել, թույլտվություն է խնդրել իրենց հետ ճաշելու համար: «Ես լոբեղեն կուտեի»,- ասել է Բայդենը, սակայն նրան պիցցա են առաջարկել:
Մինչ այդ, Բայդենը վարսավիրանոց էր մտել, որտեղ, ինչպես հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, նույնպես շփվել էր ամերիկացի զինվորների հետ: