Մոսկվայի Օստանկինյան դատարանը զինված ուժերը վարկաբեկելու վերաբերյալ վարչական արձանագրություն է կազմել Ռուսաստանի Առաջին ալիքի նախկին խմբագիր Մարինա Օվսյաննիկովայի դեմ, որը մարտի 14-ին ներխուժել էր «Время»-ի ուղիղ եթեր՝ հակապատերազմական պաստառով։
Ինչպես Интерфакс-ին տեղեկացրել են դատարանում, Օվսյաննիկովային մեղսագրվում են «հրապարակային գործողություններ, որոնք ուղղված են ՌԴ-ի և նրա քաղաքացիների շահերի պաշտպանության, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման նպատակով ՌԴ զինված ուժերի օգտագործման վարկաբեկմանը»։ Այս հոդվածով նախատեսվում է մինչև 50 հազար ռուբլու տուգանք։
Դատավարությունը նշանակվել է ապրիլի 14-ին։
Օվսյաննիկովան դատարանի կողմից մարտի 15-ին արդեն ենթարկվել է 30 հազար ռուբլի տուգանքի՝ չհամաձայնեցված ակցիա կազմակերպելու մասին հոդվածով։ Ընդ որում, արձանագրության առիթը դարձել է ոչ թե ուղիղ եթերում ակցիան, այլ դրանից առաջ տեսագրված ուղերձը։