«… Երբ մի ծերունի Սարդարապատում ձեռքս համբուրեց». hhpress.am
Advertisement 1000 x 90

«… Երբ մի ծերունի Սարդարապատում ձեռքս համբուրեց». hhpress.am

1967 թվական. արդեն պատմություն էին դարձել անհատի պաշտամունքի զազրելի ու զարհուրելի տարիները, երբ ամենուր տապալված էին խորհրդային գլխավոր մարդակերի՝ Ջուղաշվիլի Ստալին կոչվածի հուշարձանները, մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգում հառնեց «Մայր Հայաստան» գեղաշուք հուշակոթողը: Իսկ մինչեւ 1961 թ. դրա պատվանդանին այս հրեշի 17 մետրանոց հուշարձանն էր: Այն տապալելուց հետո երկար տարիներ պատվանդանը մնում էր թափուր. մտածում էին, թե նրան կփոխարինի մեկ այլ հայատյացի՝ Լենինի քանդակը: Բարեբախտաբար, այդպես չեղավ…

«Մայր Հայաստանի գաղափարը մի զգալի չափով արդեն կանխորոշված էր, կար պատվանդանը, որոշել էին նաեւ հուշարձանի նշանակումն ու իմաստը, տեղն ու կողմնորոշումը,- այսպես է վերհիշել 54 մետրանոց կոթողն հառնեցրած տաղանդավոր հեղինակը՝ քանդակագործ Արա Հարությունյանը:- 22 մետրանոց կոփածո պղնձե արձանը լինելու էր քաղաքի, երկրի պահապանը, ժողովրդի խորհրդանիշը: Քանի որ այն անձնավորելու էր ժողովրդի, մայր հողի գաղափարը, ես ընտրեցի թրով աղջկա, կնոջ, մոր կերպարը: Իհարկե, թրով կանայք աշխարհում շատ են ստեղծվել, եւ ես բնավ չեմ հավակնել հայտնագործություն անել: Չեմ էլ ձգտել շոյել դիտողի հայացքը արձանի մեղմիկ ձեւերով: Պատերազմին նվիրված թանգարան-պատվանդանի վրա դրվող արձանը պետք է խիստ ու մոնումենտալ լիներ: Նա պետք է արտահայտեր առնականություն, ուժ, հերոսականություն, հաղթանակ…»:

Եվ հառնելու էր 15 տոննա քաշով, 22 մետր բարձրությամբ կոթողը՝ հայուհու կերպարով: Հետաքրքիր է, որ այն նաեւ բնորդ է ունեցել՝ Եվգենյա Մուրադյան անուն-ազգանունով 17-ամյա գեղեցկադեմ մի աղջիկ, որին քանդակագործը նկատել էր բանջարեղենի խանութում եւ որոշել, որ հենց նա պետք է բնորդի Մայր Հայաստանին: Հետո խնդրելու էր աղջկա մայրիկին՝ աղջկան ուղեկցել իր արվեստանոց, սակայն մայրը թույլ չէր տալու:

Ավելի ուշ Եվգենյան եղբոր հետ էր գնալու արվեստանոց, եւ 4-5 այցի ընթացքում Արա Հարությունյանը քանդակելու էր նրա դեմքը, եւ տեւական աշխատանքներից հետո հառնելու էր Հայաստանի ամենաբարձր հուշարձանը: Արվեստագետի լավագույն ստեղծագործություններից է սպիտակ մարմարից հրաշագործած Սայաթ-Նովայի հուշարձան-աղբյուրը, որը համարվում է քաղաքային միջավայրում ճարտարապետաքանդակային միկրոանսամբլի լավագույն օրինակներից մեկը: Այս ստեղծագործության համար հեղինակն արժանացել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալի: Դիմաքանդակն արտահայտում է սիրո երգչի ոգեշունչ բանաստեղծական կերպարը, մի գործ, որի բացմանը 1963-ին մասնակցել է երկրի բարձրագույն ղեկավարությունը, հնչել են երգեր, բանաստեղծություններ, ասվել մեծարման խոսքեր:

Մեծն Կոմիտասի հանդեպ պաշտամունքի հասնող սեր է ունեցել տաղանդավոր քանդակագործը: Երգահանի կերպարին նա բազմիցս է անդրադարձել՝ հաստոցային քանդակներ, գծանկարներ. «Կոմիտասն ինձ համար սրբություն է, անվերջանալի գագաթ…»: 1988 թ. Երեւանի կոնսերվատորիային կից այգում տեղադրվում է հանճարեղ վարդապետի արձանը՝ հենված հայոց հնամյա ծիրանենուն: Իսկ նրա մեկ այլ Կոմիտասը, որ իր դիպլոմային աշխատանքն էր եւ շահել էր մրցույթում, նշյալ ստեղծագործությունից մեկ տասնամյակ առաջ էր հառնել երգահանի շիրմին՝ նրա անունը կրող հայոց մեծերի պանթեոնում: Արա Հարությունյանը դիմաքանդակների մեծ վարպետ է՝ Հովհաննես Թումանյան, Վարդան Աճեմյան, Մհեր Մկրտչյան, Զարեհ Սահակյանց, Ֆրանց Վերֆել, հայ եւ օտարազգի մեծանուն այլ դեմքեր՝ յուրաքանչյուրին բնորոշ ներաշխարհի բացահայտման ու դիմարտահայտության հստակ արտացոլումներով: Անվանի արվեստագետն առաջիններից է մեր իրականության մեջ ստեղծել քանդակագործության, ճարտարապետության տարածական համալիրներ՝ մայր թատրոնի քանդակահամալիրը՝ թատրոնի մուտքը, Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը, «Հուշկապարիկ» բարձրաքանդակը, Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրը, որի բացումից հետո մի ծերունու՝ իր ձեռքն համբուրելն էր համարելու իր վաստակի մեծագույն գնահատականը. «Բարձրագույն պարգեւ ինձ համար եղավ, երբ մի ծերունի ձեռքս համբուրեց Սարդարապատում, շատ անհարմար զգացի, բայց եւ շատ հուզվեցի…»:

Քանդակագործը հեղինակ է նաեւ մշակութային, հասարակական շենքերի թեմատիկ կոմպոզիցիաներով ներքին եւ արտաքին քանդակազարդումների՝ Էրեբունի թանգարանի ճակատամուտքը՝ «Արգիշտի թագավորը եւ քաղաքի հիմնադիրները», հարավային ճակատը՝ «Առյուծի որս», եւ հյուսիսայինը՝ «Խալդ աստված», Երեւանի գինու կոմբինատի հարթաքանդակները՝ «Պայքար առյուծի հետ», «Աղվեսներ»: Քառասունից ավելի հուշահամալիրներ, քանդակագործաճարտարապետական համալիրներ, հուշարձաններ, մոնումենտներ, որոնք ոչ միայն Հայաստանում են, այլեւ Ֆրանսիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Ֆիլիպիններում, աշխարհի այլ երկրներում:

Արա Հարությունյանի արվեստը դերակատարում է ունեցել նաեւ միջազգային կապերի հաստատման, ամրապնդման գործում. 1965 թ. նա իր «Պատանեկություն» քանդակը ներկայացնում է Իտալիայում անցկացվող քանդակագործության միջազգային բիենալեում: Մարմարի արդյունահանմամբ հայտնի Կարարա քաղաքում տեսնելով Քրիստոսի անավարտ արձանը՝ առաջարկում է այն տեղափոխել Երեւան: Քաղաքի վարչակազմի ղեկավար Գրիգոր Հասրաթյանը սատարում է քանդակագործին, եւ այսօր հայտնի «Կարարայի ձեռքերը», որպես բարեկամության խորհրդանիշ, տեղադրվում է մայրաքաղաքի օղակաձեւ զբոսայգում: Երեւանը եւ Կարարան դառնում են քույր քաղաքներ: Իսկ իտալական Կարարայում տեղադրվում է արվեստագետի ստեղծած հուշարձան-աղբյուրը:

1978-ին Հարությունյանը կերտում է Ֆրանսիայի հակաֆաշիստական դիմադրության ղեկավար, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի հուշարձանը, որն իր տեղն է գտնում Փարիզի Իվրի արվարձանում: 10 տարի անց ստեղծում է Ասիայի առաջին կին նախագահ Կորասոն Ակինոյի դիմաքանդակը: Խորհրդային Միության անունից է այն նվիրաբերվում Կորասոնին… Այսպիսին է իսկական արվեստի ուժը՝ մերձեցնող, մտերմացնող ու մնայուն: «Իմ ստեղծագործության իսկական աղբյուրը ֆանտազիան է: Այն խորհրդանիշների, զգացողությունների եւ կերպարների աշխարհ է՝ կապված բնության հետ: Բնությունն է արտիստին ընձեռում ձեւի արտահայտման հնարավորություն»,- իր մտորումներն են՝ հայ քանդակագործության մեծանուն երախտավորներից մեկի, որի օրհնյալ ծննդյան օրն է վաղը, եւ որի արարումները հայ արվեստի բարձրակարգ նվաճումներից են ու անժամանցելի…

hhpress.am