Պատմաբան Վահե Անթանեսյանն իր միկրոբլոգում պատմում է Ֆրանսիայի զորավար Յոհակիմ Մյուրատի մասին:
Արցախցի շինականի որդին, ով եվրոպական գահեր նվաճեց…
Ասում են, երբ կաթոլիկ քահանան գնդակահարությունից առաջ մոտեցավ Մյուրատին, որպեսզի հաղորդություն տա նրան, Մյուրատը հայհոյեց. «Հեռու ինձնից, շուն, ես քո հավատից չեմ»: Իսկ զինվորներին կարգադրեց. «Նշան բռնեք սրտիս, խնայեցեք դեմքս»:
Յոհակիմ Մյուրատը (ուսումնասիրողներից շատերը Մյուրատին հայ են համարում և մեջբերում են նրա անվան հայկական տարբերակը` Հովակիմ Մուրադյան) ծնվել է 1767 թվականի մարտի 25-ին: Աղբյուրները Մյուրատի ծննդավայր համարում են ֆրանսիական հարավի Լա-Բաստիդ գյուղը, սակայն նրա կենսագրության մեջ շատ են հարցականներն ու անհայտ էջերը: Ուսումնասիրողներից, ովքեր պնդում են Մյուրատի հայկական ծագումը, նրա ծննդավայրը համարում են Արցախի Կրկժան գյուղը:
Համաձայն Մյուրատի ծագման հայկական վարկածի` նա հարուստ վաճառականի զավակ էր և տան 12 երեխաներից ամենակրտսերը: Հայրը հույս ուներ, որ նա կսովորի վաճառականություն ու իր օգնականը կլինի այդ գործում: Այդ նպատակով էլ հեռավոր ճամփորդությունների ժամանակ իր հետ էր վերցնում Հովակիմին: Տակավին պատանի` Հովակիմն արդեն հասցրել էր ճամփորդել ողջ Եվրոպայով:
Հովակիմը ուսումնառությունն սկսում է Թուլուզում` ուսումնասիրելով աստվածաբանություն: Շուտով սակայն, անկարգ վարքի համար Հովակիմին հեռացնում են ճեմարանից:
Անհանգիստ բնավորության տեր երիտասարդը շուտով հայտնվում է բանակում` միանալով հեծելազորային կամավորական ջոկատին: Սակայն այստեղ էլ ապագա զորավարը երկար չմնաց և դարձյալ անկարգության համար վտարվեց հեծելազորից:
Իր համար ապագայի հեռանկարներ որոնելով` Հովակիմը նետվեց ֆրանսիական հեղափոխության հորձանուտ: Շուտով առիթ եղավ ծանոթանալու երիտասարդ գեներալ Նապոլեոն Բոնապարտի հետ: Նապոլեոնը միապետականների ապստամբությունը ճնշելու համար ջոկատ է հավաքում, որտեղ էլ 1791 թվականին հայտնվում է Մյուրատը: Այս անգամ նրա մուտքը բանակ հաջող էր և ընդամենը մեկ տարի անց ստացավ լեյտենանտի ուսադիրներ, իսկ 1793 թվականին Մյուրատն արդեն կապիտան էր: Մյուրատի և Նապոլեոնի ընկերությունը երկար տևեց. մինչ նրանց կյանքի վերջը: Հետաքրքիր խոսքերով է բնութագրել նրան Նապոլեոնը. «Նա ինձ պարտական է ամեն ինչով, նա սիրում, նույնիսկ պաշտում էր ինձ: Նա իմ աջ ձեռքն էր, որը, սակայն, երբ պետք է ինքնուրույն գործեր` կորցնում էր ողջ եռանդը: Մյուրատը քաջությամբ գերազանցում էր բոլորին. մարտի դաշտում նա իսկական ասպետ էր, իսկ աշխատասենյակում` անխելք և անվճռական պարծենկոտ: Ողջ աշխարհում չկա ավելի ընդունակ, անվախ և փայլուն հեծելազորային ղեկավար, քան Մյուրատը»:
Մյուրատը մեծ ծառայություն մատուցեց Նապոլեոնին, երբ 1795 թվականին արյան մեջ խեղդեց Փարիզում միապետականների բարձրացրած ապստամբությունը: Դրա համար հաջորդ տարի, ընդամենը 29 տարեկան հասակում նա դարձավ բրիգադի գեներալ, իսկ Եգիպտական արշավանքի ժամանակ, 1799 թվականին ցուցաբերած անձնական քաջության համար դարձավ դիվիզիայի գեներալ:
Մյուրատը որպես հեծելազորային մասնակցեց Նապոլեոնի պատերազմներին: Նա փայլեց թե Իտալիայում (Մարենգոյի ճակատամարտում), թե Եգիպտական անհաջող արշավանքի ժամանակ:
Ամենամեծ ծառայությունը, որ Մյուրատը մատուցեց Ֆրանսիայի ապագա կայսրին, թերևս 1799 թվականի Բրյումերի 18-ն էր: Իշխանության գնացող Նապոլեոնը պայքարի ամենավճռական պահին հուսալքված ուզում է նահանջել: Միայն Մյուրատն է, որ կանգնեցնում է նրան, տարհամոզում, բացատրելով, որ նահանջելն արդեն ուշ է և իր զորքով գրավում է պառլամենտն ու ձերբակալում 500 պատգամավորներին, ըմբոստացողներին տեղում գնդակահարելով: Արդյունքում Նապոլեոնը հայտնվում է իշխանության բարձունքում:
Որպես երախտագիտություն` 1800 թվականին Նապոլեոնը Մյուրատին ամուսնացրեց իր քրոջ` տասնութամյա Կարոլինայի հետ:
Մյուրատն արագ կարիերիա ապահովեց իր համար: Արդեն 1804 թվականին նա Ֆրանսիայի մարշալ էր, իսկ Նապոլեոնի` կայսերական գահ բարձրանալու նախօրեին` Փարիզի նահանգապետը: Սակայն դա բնավ պայմանավորված չէ Նապոլեոնի հետ խնամական կապերով: Նա քաջ էր ու խիզախ: Աչքի է ընկել կայսրի բոլոր մեծ ու փոքր պատերազմներում: Հատկապես Աուստերլիցի ճակատամարտում Մյուրատը փայլեց իր հեծելազորով: Ճակատամարտից հետո նա տիրացավ Դյուսելդորֆին և դքսի կոչում ստացավ:
Այս ժամանակ որոշ լարվածություն առաջացավ Նապոլեոնի և Մյուրատի միջև: Գործը հասավ նրան, որ կայսրը մեկուսացրեց Մյուրատին բանակից և պետական գործերից: Սակայն ամենայնիվ, գնահատելով նրա քաջությունն ու հմտությունը, դարձյալ կանչեց իր մոտ և վաղեմի ընկերները հաշտվեցին:
1805 թվականին նրա սուրը փայլատակեց Աուստերլիցի ճակատամարտի ժամանակ, ջախջախելով ռուս-ավստրիական միացյան բանակը: Իսկ հաջորդ տարի աչքի ընկավ ռուս-պրուսական կոալիցիայի ջախջախման մարտերում: Այս հաղթանակների կապակցությամբ Նապոլեոնը Մյուրատին պարգևեց Բերգի դքսությունը:
1807 թվականին կնքված ռուս-ֆրանսիական Տիլզիտի հաշտությունից հետո Մյուրատը ռուս կայսր Ալեքսանդր Ա (1801-1825) կողմից պարգևատրվեց Սուրբ Անդրեի շքանշանով:
Մյուրատն աչքի ընկավ նաև իսպանական արշավանքի ժամանակ, երբ 1808 թվականին 80.000 զորքով գրավելով Մադրիդը` ճնշեց իսպանացիների ապստամբությունը: Իսպանիայի թագավոր հռչակվեց Նապոլեոնի եղբայրը` Ժոզեֆ Բոնապարտը, որ մինչ այս Նեոպոլիտանիայի թագավորն էր:
Մյուրատը երազում էր գահի մասին: Որոշ ուսումնասիրողներ պնդում են, որ Նապոլեոնը նրան խոստացել էր Հայաստանի թագը, բայց դա այդպես էլ երազ մնաց: Բայց այնուամենայնիվ, նա թագավորեց:
Նույն 1808 թվականին ի հատուցումն ծառայությունների` Նապոլեոնը Մյուրատին հանձնեց Նեոպոլիտանիայի թագը: Նա գահ բարձրացավ Սարդինիայում որպես Յոհակին Նապոլեոն թագավոր: Գահակալության սկիզբը նշանավորեց Սարդինիայում քաղբանտարկյալներին շնորհած ազատությամբ, որ ավելի ամրապնդեց նրա հեղինակությունը տեղում: Նույն տարում նա փորձեց անգլիացիներից գրավել և իր թագավորությանը կցել Սիցիլիա կղզին, բայց անհաջողության մատնվեց:
Սակայն ամենայնիվ, Մյուրատի և Նապոլեոնի հարաբերությունները գնալով վատացան: Գործը հասավ նրան, որ Մյուրատը Նապոլեոնից պահանջել հետ կանչել ֆրանսիական բանակը Նեոպոլիտանիայից: Երբ Նապոլեոնը մերժեց, Մյուրատը իր թագավորության տարածքում գտնվող ֆրանսիական գեներալներին ստիպեց ընդունել Նեոպոլիտանիայի քաղաքացիություն: Միայն Նապոլեոնի վճռական միջամտությունը կանգնեցրեց Մյուրատին:
Բայց դա չխանգառեց, որ Նապոլեոնը Մյուրատին վստահի նաև ռուսական պատերազմում: Ռուսական արշավանքի ժամանակ Մյուրատի հրամանատարության տակ էր ֆրանսիական պահեստային հեծելազորը 30 000 մարտիկներով: Այստեղ Մյուրատը ուղղակի փայլեց ռազմական հանճարով:
Նա աչքի է ընկել Բորոդինոյի, Դրեզդենի, Լայպցիգի ճակատամարտերում` առաջնորդելով ֆրանսիական հեծելազորը գրոհի: Մանավանդ Բորոդինոյում նա աչքի ընկավ անձնական քաջությամբ ու դժվարին կացության մեջ զորքը կառավարելու հմտությամբ: Գտնվելով շրջապատման մեջ, Մյուրատը խելամիտ քայլերով կարողացավ խուսանավել, մինչև ֆրանսիական հետևակը օգնության կհասներ: Ավելորդ չէ նշել, որ Բորոդինոյի ճակատամարտում ֆրանսիական բանակը 40 գեներալ կորցրեց:
Մյուրատի անձնական քաջությունն ու հմտությունը գնահատում էին անգամ ռուսները, ովքեր գեներալից մինչ շարքային զինվորական բանակցությունների և շփումներ ժամանակ չէին թաքցնում իրենց հիացմունքը: Մյուրատը մեծ հեղինակություն էր մանավանդ կազակների մոտ, ովքեր գնահատում էին քաջությունը: Ֆրանսիական և ռուսական բանակներում անգամ կատակով Մյուրատին կոչում էին «Կազակների արքա»:
1812 թվականի դեկտեմբերին Նապոլեոնը հեռանալով Ռուսաստանից` ֆրանսիական բանակի ընդհանուր հրամանատարությունը հենց Մյուրատին հանձնեց: Սակայն վերջինս շատ չանցած` ինքն էլ հեռացավ` հրամանատարությունը հանձնելով Եվգենի Բոգարնեին: Մյուրատի հեռանալու պատճառը սեփական թագավորության մեջ սկիզբ առած անկարգություններն էին:
1813 թվականի հոկտեմբերի 24-ին փայլելով Լայպցիգի մեծ ճակատամարտում, կարելի է ասել, Մյուրատը թողեց զինվորական ասպարեզը: Նա հեռացավ Նապոլեոնից, որի աստղը արդեն դեպի մայրամուտ էր թեքվում:
Օղակը Նապոլեոնի կայսրության շուրջ սեղմվում էր: Մյուրատն ամեն ինչ արեց, որպեսզի պահպանի իր գահը: Նա 1814 թվականին պաշտոնապես հայտարարեց, որ այլևս չի դաշնակցում կայսրին և անգամ ռազմական ցույց կազմակերպեց Եվգենի Բոգարնեի դեմ: Սակայն այդպես էլ գործը բախման չհասավ: Այս պայմաններում Մյուրատը գաղտնի բանակցում է նաև Նապոլեոնի հետ, ակնկալելով նրա հաղթանակի դեպքում իր թագի շուրջ միավորել ողջ Իտալիան:
Նապոլեոնի, Էլբայից փախուստից և 100 օրյա գահակալման ժամանակ Մյուրատը կրկին Ֆրանսիայի կայսրի կողմը բռնեց: Դա բացատրվում է նրանով, որ դաշնակիցները չվստահելով Մյուրատին, պատրաստվում էին գահընկեց անել նրան: Նա օգտվելով առիթից` փորձեց անգամ Իտալիան միավորել իր թագի շուրջ: Կոչ անելով իտալացի ժողովրդին միասնաբար պայքարի ելնեն ավստրիացի զավթիչների դեմ` պատերազմ հայտարարեց Ավստրիային, գրավեց Հռոմը, Բոլոնիան, բայց նախ ստացավ Նապոլեոնի մերժումը, ապա և ճակատամարտում ջախջախվեց ավստրիական զորքերի կողմից:
Դա ստիպեց Մյուրատին խոհեմ լինել, հետ քաշվել: Նեապոլում ավստրիացիների դրդմամբ նրա դեմ ապստամբություն կազմակերպեցին նախկին թագավորի` Ֆերդինանտի կողմնակիցները: Մյուրատը ընտանիքով խույս տվեց Ֆրանսիա: Արդյունքում չմասնակցեց Վաթեռլոի վճռական ճակատամարտին, ուր Նապոլեոնի բանակը վերջնականապես ջախջախվեց:
Սակայն Վաթեռլոյի ճակատամարտից խույս տալը չփրկեց Մյուրատին: Հավատարիմ մարդկանց խմբով նա Ֆրանսիայից նավով ուղևորվեց Նեապոլ, ցանկանալով այնտեղ իր համախոհներով ապստամբեցնել ժողովրդին և կրկին գրավել գահը, բայց արագ ձերբակալվեց: Ռազմական դատարանը արագ նիստ գումարեց: Վճիռն սպասելի էր. գնդակահարություն, որ իրականացվեց 1815 թվականի հոկտեմբերի 13-ին:
Ասում են, երբ կաթոլիկ քահանան գնդակահարությունից առաջ մոտեցավ Մյուրատին, որպեսզի հաղորդություն տա նրան, Մյուրատը հայհոյեց. «Հեռու ինձնից, շուն, ես քո հավատից չեմ»: Իսկ զինվորներին կարգադրեց. «Նշան բռնեք սրտիս, խնայեցեք դեմքս»: