Կանանց մեկամսյակի կապակցությամբ վարչապետի կին Աննա Հակոբյանի կողմից կազմակերպված՝ 44-օրյա պատերազմում զոհված տղաների մայրերի համար «խնջույքը» վերջին օրերին շատ քննարկվեց համացանցում՝ հատկապես մայրերի ուրախ ժպիտը, երգը, պարը։ Առավել շատ քննարկվեց խնջույքին մասնակցած երգչուհու՝ Սիլվա Հակոբյանի ուրախ երգը, որի ներքո պարում էին որդեկորույս մայրերը։ Երգչուհին դրա մասին տեսանյութ էր հրապարակել իր Ինստագրամի սթորի բաժնում, որը պահպանվում է 24 ժամ՝ գրելով, որ «Խաչիկ, Վաչիկ, Հրաչիկ» երգով մի փոքր ուրախացրել է մայրերին, ինչն էլ համացանցի օգտատերերի բուռն քննադատությանն է արժանացել։
Հատկանշականն այն է, որ Սիլվա Հակոբյանն այդ օրը երգել է նաև մի շարք հայրենասիրական երգեր, սակայն նրա հենց այդ երգն է վրդովմունք պատճառել գրեթե բոլորին։
Oragir.news-ը կապ հաստատեց երգչուհու հոր՝ Հակոբ Հակոբյանի հետ, որը նաև երգչուհու պրոդյուսերն է: Մեզ հետ զրույցում նա պատասխանեց հարցին, թե ինչպես է վերաբերում աղջկա՝ որդեկորույս մայրերի առջև երգելու քննադատություններին. «Քննադատում են, թող քննադատեն, ի՞նչ է եղել։ Միշտ էլ գնացել ենք, գնալու ենք ու երգելու, վատ բան ե՞նք անում»։
Հարցին՝ նորմա՞լ է համարում որդեկորույս ծնողների առջև ուրախ երգ երգելը, ասաց. «Ծնողները Սիլվայի երգի ժամանակ և՛ ուրախացել են, և՛ հպարտացել, և՛ լացել։ Ամեն ինչ իրենց ուզածով է եղել։ Ծնողներն են ուզել, որ այդ երգը երգի Սիլվան։ Մնացած հարցերը գնացեք էդ վատ լուրեր գրող-տարածողներից հարցրեք։ Մենք ծնողներին հարցրել ենք՝ ո՞ր երգն են ուզում՝ «Կանաչ, կարմիր», «Խաչիկ, Վաչիկ, Հրաչիկ», նրանք դա են ընտրել, մենք էլ նրանց ցանկությունը կատարել ենք։ Իրենք են առաջարկել, իսկ դրանից կես ժամ առաջ մռայլ, տխուր նստած էին»։
Հակոբյանի խոսքով, որդեկորույս ծնողներն ամեն ինչի իրավունք ունեն. «Ի՞նչ եք ուզում։ Ում հետույքը մրմռում է, ես դրա բուժման ձևը գիտեմ, վերցնում է մի բուռ աղ, աղացած կծու պղպեղ և լցնում այդ մրմռացող տեղը, միանգամից կլավանա։ Դուք դրել ի՞նչ եք ուզում, ի՞նչ եք սարքում»։
Հարցին, թե հազարավոր որդեկորույս մայրեր մերժել են առաջին տիկնոջ՝ խնջույքի մասնակցելու հրավերը, իսկ Սիլվա Հակոբյանն ինչպե՞ս է կարողացել ընդունել առաջարկն ու երգել, պատասխանեց. «Ես չգիտեմ՝ այնտեղ քանի՞ մայր է եղել, քանի հոգի որ եղել են, մենք այդքանի համար ենք արել։ Մենք միշտ էլ դա անելու ենք»։
Հարցին՝ արդյո՞ք չի ազդի հրավերն ընդունելու և երգելու առաջարկը երգչուհու հեղինակության վրա, պատասխանեց. «Ինձ համար մի հաշիվ է, թե ով է կազմակերպում։ Խնդիրն այն է, որ այդտեղ զոհվածի մայրիկներ են նստած եղել։ Մենք ոչ մի տեղ փողով չենք երգել, սա առաջին դեպքը չէ, սա էլ բացառություն չէր։ Սիլվան գումար չի վերցրել որևէ մեկից այդ միջոցառմանը երգելու համար։ Իհարկե, փողով չի երգել, ձեզ համար դա ճշտելը դժվար չէր։ Իսկ այն, ինչ հիմա գրում են Սիլվայի պահով, չի՛ կարելի նման բաներ անել։ Իմ տղեն էլ է պատերազմ գնացել, ինքը Հադրութում է կռվել, բայց լավ է, բարով-խերով վերադարձավ, մենք էլ իրենց նման մեռած էինք, թաղված չէինք։ Այդ ցավը բոլորինս է։ Մենք մեր երկրին նվիրված մարդիկ ենք»։