Ինչպես նշել էի նախորդ գրառումներիցս մեկում, զոհվածների մի քանի ծնողներին հրավիրելն ու միջոցառում անելը մեկ նպատակ է ունեցել, որպեսզի հուզականության ահռելի ֆոնի վրա նորմալ ուղեղ ունեցող մարդիկ տարակուսեն, զարմանան, հիասթափության զգացում ունենան, ավելի էմոցիոնալ մարդիկ՝ հայհոյեն, վիրավորեն ու քննադատեն։
Դա մեկ նպատակ էր հետապնդում, որի մասին ինքը՝ խնջույքի կազմակերպիչը, նշեց հենց խնջույքի ընթացքում՝ «մեր զոհված զինվորների ծնողների նկատմամբ ճնշումներ կան»։ Այսպիսով՝ խնջույքի կազմակերպիչը ընդանրացրեց զոհված զինվորների ծնողներին, այսինքն՝ 5000 հազար ծնողի նա ընդանրացրեց այդտեղ հավաքված 30-40 ծնողի մեջ ու, կոպիտ ասած, ծնողներին դարձրեց խեղճ ու անօգնական, վիրավորանքներ ստացող ու քննադատվող մարդիկ, ու բացեց իր լայն թևերը նրանց նկատմամբ, այսինքն՝ իրեն ակամայից հռչակեց Մայր Թերեզա, որպեսզի էդ ճնշվող ծնողները գնան ու գրկեն իրեն՝ պաշտպանողին։
Արդյունքը երկար սպասեցնել չտվեց, քանի որ մարդիկ սկսեցին հասցեական իրենց վիրավորանքներն ուղղել բոլոր նրանց, ովքեր տաշ-տըմբըլ էին անում այնտեղ։ Համոզված եղեք, որ այնտեղ հավաքված մարդկանցից մաքսիմում 10 ծնող են եղել, ովքեր պատերազմի ընթացքում որդի կամ ամուսին են կորցրել։ Չնայած՝ դա էլ է տարակուսելի բան, քանի որ ինձ ունեմ բազում ընկերներ, ովքեր պատերազմի ընթացքում հարազատ չեն կորցրել, բայց մինչև այս պահը նույնիսկ հարսանիքների ժամանակ չեն պարում, չեն կարողանում պարել․․․բայց դա մի կողմ․․․ուրեմն՝ էս քննադատություններից ու վիրավորանքներից հետո գործի անցան գրպանային պրոպագանդիստները, ովքեր սկսեցին շրջանառել՝ «զոհվածի մորն են վիրավորում» օպերացիան, կրկին՝ ընդանրացնելով բոլոր մայրերին։ Ուշադիր եղեք, մեխը հենց այս ընդանրացման մեջ է, որպեսզի մնացած մայրերն ու հարազատները վարչակարգի ընտազանգվածի կողմից ընկալվեն անօգնականներ ու վիրավորանքի տակ ընկածներ, իսկ վարչակարգը համարվի օգնողներ ու խեղճ ծնողներին գրկաբաց ընդունողներ։ Սրանք տրորում են բոլոր սրբություններն ու թքած ունեն իրականում թե՛ այն ծնողների, ովքեր այդ օրն իրենց հետ տաշի էին անում, թե՛ այն ծնողների վրա, ովքեր արդեն, վշտից ու ցավից կիսով չափ մահացել են։
Ու էս օպերացիան դեռ շարունակվում է, քանի որ խնջույքի կազմակերպիչն իր լրատվականով ու տեղեկատվական տեռորով շարունակում է նույն թեզը՝ «զոհվածի մորն են հայհոյում»։ Ես, իհարկե, ոչ ոքի վիրավորել չեմ պատրաստվում, բայց նկարում պատկերված ծնողներից մեկը նիկոլի նախընտրական պաստառը փակցրել էր իր զոհված որդու լուսանկարի կողքին, հագել էր նախընտրական շապիկն ու նկարվել էր՝ այդ տեսարանը թիկունքում։ Նույն այն ծնողը, ով Եռաբլուրում հարձակվեց Ռոբերտ Քոչարյանի վրա, ու նրան մեղադրեց իր երեխային սպանելու մեջ, նույն այդ դեպքը, որը տարօրինակ զուգադիպության նկարահանվել էր ու տեղադրվել համացանցում ու դարձել օրվա քննարկման թեմա։
Դրա համար ևս մեկ անգամ խնդրում եմ, որքան կարող եք լոյալ մնացեք նման հուզական ֆոն ստեղծող իրադարձությունների նկատմամբ, քանի որ դրանք քաղաքական թակարդներ են․․․պետք չի խաղալ վարչակարգի թելադրած օրակարգով։ Իսկ այնտեղ, որտեղ քաղաքական օրակարգը ակամայից ստեղծում է հուզականություն, այնտեղ թակարդ է լարված։
Խոնարհվում եմ պատերազմի ժամանակ որդի կորցրած մեր հերոսածին մայրերի առջև ու համբուրում եմ նրանց ձեռքերը։ Նրանք են Հայաստանի հավերժության գրավականը։
Գագիկ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից