Պարբերական բնույթ կրող ադրբեջանական սադրանքների ու ագրեսիայի պատճառով Արցախի Խրամորթ և Փառուխ գյուղերի բնակիչները՝ մասնավորապես կանայք և երեխաները, չեն կարողանում վերադառնալ իրենց հայրենի օջախները։ Երկու անչափահաս երեխաների մայր Հասմիկ Անդրյանը չի հիշում, թե 2020թ․-ի պատերազմից հետո քանի անգամ է ստիպված եղել բարեկամների տանը գիշերել։
«Ամեն անգամ, որ խփում էին գյուղի վրա, երեխաներին հանում էի։ Մի անգամ հայրական տուն եմ տարել, մի անգամ՝ քրոջս, հիմա էլ երկու երեխաներիս հետ Ասկերան քաղաքում ենք՝ տեգրոջս տանը։ Մարտի 24-ից այստեղ ենք։ Էն կոչերը, մուղամը, որ միացնում էին, չէինք անհանգստանում, ոչ մեկն էլ դուրս չէր գալիս գյուղից , բայց մարտի 7-ին, որ խփեցին գյուղի վրա, արդեն երեխաներին հանեցինք, չնայած հաջորդ օրն առավոտյան նորից վերադարձանք գյուղ․ էդ օրը երեխաները Խրամորթում են դպրոց գնացել։ Դե հիմա էլ, ճիշտ է, Ասկերանում ենք, բայց ինչ պետք է լինում, գնում ենք գյուղից բերում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Հասմիկը։
Հասմիկը Խրամորթում երկու օր առաջ է եղել․ «24-ին շատ արագ դուրս եկանք։ Ասացին 5-10 րոպեում հավաքվեք, երեխաներին հանեք, վտանգավոր է։ Ես էլ ոչ մի բան համարյա չէի վերցրել երեխաների համար․ մտածում էի՝ մի օր հետո էլի հետ ենք գնալու։ Դրանից հետո մի քանի անգամ գնացել եմ գյուղ, եկել։ Ում ինչ պետք է լինում, գնում է՝ բերում»։
Հասմիկի խոսքով՝ իրենց տնից Քարագլխի հատվածում ամրացած թշնամին երևում է։ Բնականաբար, այնտեղից էլ Խրամորթն է ամբողջությամբ դիտարկվում, ամեն մի շարժը։
Հասմիկի պես խրամորթցիների մեծ մասը բարեկամների տան են հանգրվանել։ «Սկզբում մի մասն Իվանյանում՝ մշակույթի տանն էին տեղավորվել, կարծեմ, բայց հետո իրենցից էլ մարդիկ են եղել, որ բարեկամների տուն են տեղափոխվել»,-ասում է Հասմիկը։ Պետական որևէ մարմնից կոնկրետ Հասմիկը ոչինչ չի խնդրել, ասում է՝ ինչ պետք է լինում, գյուղից բերում են․ որևէ բանի կարիք առայժմ չեմ զգացել։
Տարհանված մյուս փառուխցների ու խրամորթցների պես՝ Հասմիկին էլ են Կարմիր խաչից օգնություն տրամադրել։ Ասկերանի վարչակազմի ղեկավարի օգնական Անահիտ Պետրոսյանի խոսքով, տարհանված գյուղացիների հետ մշտապես կապի մեջ են։
Ադրբեջանական ագրեսիայի պատճառով արդեն 5 օր տնից տեղից կտրված խրամորթցին կրկնում է՝ ոչ մի բան կարիք չունեն, միայն օր առաջ հայրենի գյուղ են ուզում վերադառնալ։
Աղբյուր` Փաստինֆո