Ես չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի հետ կապված անօրինական բան է եղել, այդ մասով և՛ Գլխավոր Դատախազությունն է մեկնաբանություն տարածել, և՛ Հակակոռուպցիոն կոմիտեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։
«Շատ դեպքերում, օրենքի գերակայությամբ պայմանավորված, իրավիճակները մեր հանրությունը համադրում է բարոյական գնահատականների համատքեստում, գուցե այդտեղից է գալիս տարընկալումը, այս մասով այլ մեկնաբանություն չեմ կարող տալ»,- ասաց Պետրոսյանը։
Անդրադառնալով իր և գործարար Նարեկ Նալբանդյանի հարաբերություններին` Պետրոսյանը ասաց․«Ցանկանում եմ այդ քննարկումներին մեկընդմիշտ վերջակեր դնենք․ տվյալ գործարարին ես տեսել եմ ընդամենը մեկ անգամ, երբ Սևան ազգային պարկի տարածքում գտնվող 8 հանրային լողափերից 3-ի մասով մրցույթ էր հայտարարվել և դրանց կառավարումը 3 տարով հանձնվեց «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին։ Որևէ քաղաքական ենթատեքստը՝ իմ և այդ անձի գործունեության միջև ես անհիմն եմ համարում»։
Դատախազությունը, սակայն, հիշեցնենք, արգելանք էր դրել Հովիկ Աբրահամյանի տան վրա, քանի որ այն պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործով իրեղեն ապացույց էր համարվել։ Քննությունը շարունակվել էր ավելի քան երեք տարի, փաստացի՝ առանց արդյունքի։
Անցած նոյեմբերին Աբրահամյանի որդին՝ Արգամը, դատարանից պահանջել էր չեղարկել առանձնատան վրա դրված սահմանափակումները։ Այնուհետև առաջին ատյանի դատարանը բավարարել էր դիմումը։ Գլխավոր դատախազությունը դիմել էր վերաքննիչ, սակայն Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը չսպասելով բողոքարկման արդյունքներին՝ դիմել էր Կադաստրի կոմիտեին տեղեկացնել, թե Աբրահամյանի ունեցվածքի վրա այլևս որևէ սահմանափակում չկա, ինչից հետո տեղի էր ունեցել գույքի վաճառքը։