Տղամարդն իր ընկերուհու շուրթերի տեսքով նկարը դաջել է դեմքին և մնացել առանց հարաբերությունների։ Ամերիկյան Feel Good Ink սրահի TikTok-ում հայտնված տեսանյութը գրավել է The Sun-ի ուշադրությունը։
Տեղադրված տեսանյութում պատկերված է բեյսբոլի գլխարկով տղամարդ, ում անունը չի նշվում։ Կադրերում երևում է, թե ինչպես է վարպետը կարմիր գունանյութով դաջվածք անում նրա այտին։ Ցույց է տրվում նաև, որ այդ ընթացքում նյութի հերոսը կիսատ գործի լուսանկարն ուղարկում է իր սիրելիին։ «Փոքրի՛կս, քո շուրթերի դրոշմը հավերժ կմնա ինձ հետ», – ասել է նա մեսենջերի հաղորդագրության մեջ:
Այնուհետև կադրերին հետևել է հաճախորդի սիրելիի զանգը, ով ագրեսիվ կերպով է արձագանքել ընկերոջ՝ շուրթերի պատկերով դաջվածք անելու որոշմանը։ «Դու ընդհանրապես գժվել ես: Այս խեղկատակությունը հիմա մեկընդմիշտ դաջված կմնա հիմար դեմքիդ վրա: Մենք ընդամենը երկու շաբաթ է, ինչ միասին ենք։ Սա խելագարություն է, մենք այլևս չենք կարող հանդիպել», – վրդովվել է տղամարդու ընտրյալը:
Տեսանյութը հավաքել է ավելի քան հինգ միլիոն դիտում։ Օգտատերերը ստեղծված իրավիճակի հետ կապված ցավակցություն են հայտնել տեսանյութի հերոսին, սակայն նաև խոսել են արարքի չմտածված լինելու մասին։ «Խնդրում եմ, ասա ինձ, որ սա կատակ է», «Ահա թե ինչու ես երբեք այնպիսի դաջվածք չեմ անի, որը կապված կլինի սիրային հարաբերությունների հետ, քանի որ ամեն բան կարող է պատահել», – մեկնաբանել են նրանք: