Life.panoarama.am-ի զրուցակիցն է «Գոյ» փորձարարական թատրոնի դերասանուհի Գայանե Բալյանը, ում հեռուստադիտողը հասցրել է տեսնել մի շարք հեռուսասերիալներում:
««Թաքնված սեր» հեռուստասերիալի ավարտից հետո այժմ վայելում եմ ձմեռային հանգիստս, հատկապես, որ թատրոնում ևս արձակուրդային շրջան է: Դադարի ընթացքում փորձում եմ վերալիցքավորվել, ընթերցել, ֆիլմեր դիտել, ընկերներիս հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, ու այդպիսով պատրաստվել նաև հաջորդ աշխատանքին»,- նշեց դերասանուհին` հավելելով, որ այժմ հստակ ծրագրեր դեռ չունի.
«Նախ չեմ սիրում նախապես խոսել ծրագրերիս մասին, ավելի լավ է, երբ հստակ գործերից ես խոսում: Ինչ խոսք, առաջիկայի համար մտքեր կան, բայց ոչ կոնկրետ ծրագրեր: Կարծում եմ` ինձ էլ են պետք այս դադարները, հիմա այլ բաների մասին չեմ էլ մտածում»,- ընդգծեց նա:
Վերհիշելով «Թաքնված սեր» հեռուստասերիալում իր աշխատանքը` Գայանեն նկատեց.
«Կարծում եմ` հաջողված նախագիծ էր: Ինձ հաճելի էր այս թիմի հետ աշխատելը, քանի որ դերասանական կազմը շատ պրոֆեսիոնալ էր: Հատկապես ուրախ եմ, որ խաղացի Նելլի Խերանյանի, Դավիթ Հակոբյանի հետ, նաև կրտսեր դերասանուհիներից Մարիամ Ադամյանի, Մուրադ և այլոց հետ, դե իսկ Աշոտ Տեր-Մաթևոսյանի ու Սոֆյա Պողոսյանի հետ նախկինում էլ առիթ ունեցել եմ աշխատել: Միշտ էլ բարձր կարող ես գնահատել այն աշխատանքը, որը կատարում է պրոֆեսիոնալ թիմը»:
Գայանեն այն քիչ դերասանուհիներից է, ում ռեժիսորները վստահում են և բացասական, և դրական կերպարներ: Մեր նկատառմանը, թե նրան ինչպիսի՞ կերպարներն են ավելի հետաքրքիր մարմնավորել, պատասխանեց.
«Յուրաքանչյուր կերպար էլ իր համն ու հոտը ունի: Բայց եթե խոսքը միայն հեռուստասերիալների մասին է, ապա ավելի հետաքրքիր է, երբ բացասական կերպարով ես հանդես գալիս, քանի որ այդպես կերպարի գույները ավելի շատ են: Եթե դրական հերոսը անընդհատ ներում է, անընդհատ բարի է, ապա բացասականի դեպքում շատ ավելի գունեղ կարող ես դարձնել խաղդ: Հիմա, եթե ուղղակի առաջարկ լինի ընտրելու բացասական, թե դրական կերպար, ինքս կընտրեմ բացասականը, սակայն հաստատ յուրաքանչյուր կերպար ունի իր յուրահատկությունն ու հետաքրքրությունը: Ի դեպ` այս տարբերությունները չկան թատրոնում»:
Ինչպես զրույցի սկզբում Գայանեն նշեց` թատրոնում այժմ ևս հանգստի շրջան է, սակայն արդեն իսկ կան նոր ծրագրեր.
«Փետրվարից կավարտվի մեր արձակուրդն ու կսկսենք ակտիվորեն աշխատել թատրոնում: Կխաղանք ինչպես հին, այնպես էլ նոր գործեր: Վերջերս վերականգնվել է «Արալեզ» ներկայացումը, որին մեր թատրոնից միացել ենք ես ու Սամվել Թոփալյանը: Բավականին հետաքրքիր ներկայացում է ու հաճույքով եմ խաղում»,- նշեց նա:
Շատերը գիտեն, որ Գայանե Բալյանը զբաղվում է նաև MS Paint-ն համակարգչային ծրագրով՝ այդպիսով նկարելով զգացողությունները: Հետաքրքրվելով, թե երբ է դերասանուհին առավել շատ նկարում` հոգեպես խաղաղ վիճակում, թե հակառակը, պատասխանեց.
«Նախ ասեմ, որ նկարչությունից բավականին հեռու եմ: Այն, ինչ անում եմ, կապ չունի պրոֆեսիոնալ նկարչության հետ: Դրանք համակարգչով արված խզբզանքներ են, որոնք մեծ արձագանք ստացան: Ինչևէ, նաև հասկանում եմ, որ դա ևս նկարչություն է համարվում: Սա ինձ համար պարտադիր աշխատանք չէ, ես նկարում եմ, երբ զգում եմ, որ դրա ցանկությունը ունեմ, նկարելն իմ էմոցիաների արդյունքն է: Իսկ մուսան գալիս է այն ժամանակ, երբ ներսումս ծայրահեղ վիճակ է տիրում, նկարում եմ, երբ հոգեպես շատ խաղաղ եմ, և հակառակը»:
Ամբողջությամբ՝ life.panorama.am