Դերասանուհի Սոնա Մաթևոսյանը տևական ժամանակ է`չի նկարահանվում երկարաժամկետ նախագծերում և հիմնական գործունեությունը ծավալում է Women’s club-ում և Կամերային թատրոնում: Tert.am Life-ը դերասանուհու հետ զրուցել է այս շրջանի զբաղվածության, թատրոնի և արտաքին փոփոխությունների մասին:
Դերասանուհին տևական դադարից հետո առաջին անգամ է հարցազրույց տալիս և նշեց, որ ժամանակին բացասական մեկնաբանությունները վատ ազդեցություն են ունեցել իր վրա:
«Տևական ժամանակ անց հարցազրույց եմ տալիս, քանի որ ժամանակին շատ ծանր էի տանում յուրաքանչյուր բացասական մեկնաբանություն: Հարցազրույցներից մեկի մեկնաբանություններում կարդացի բացասական խոսքեր, որոնք ինձ շատ կոտրեցին, բայց հիմա բավականին թեթև եմ մոտենում և կոփվել եմ այդ հարցում»,- անկեղծացավ նա։
Անդրադառնալով գործունեությանը՝ նա նշեց, որ երկարաժամկետ սերիալներում խաղալու մասին չի մտածում, քանի որ ֆիզիկապես չի հասցնի։ «Մասնագիտական ծանրաբեռնվածությունս բավականին շատ է, ունեմ նկարահանումներ, փորձեր ու ընթացիկ ներկայացումներ թատրոնում,- ասաց նա և հավելեց, որ այս պահին բաց է կարճաժամկետ նախագծերի համար: -Վերջին շրջանում բավականին շատ են բազմասերիանոց հեռուստաֆիլմերը, այդ նախագծերի վրա լավ աշխատանք է տարվում»:
Սոնան նշեց, որ մասնագիտական կրթություն ունենալն իրեն հնարավորություն է տալիս կերտել տարբեր կերպարներ: «Մասնագիտությամբ թատրոնի և կինոյի դերասանուհի եմ ու կարողանում եմ մարմնավորել թե՛ հումորային, թե՛ դրամատիկական կերպարներ»,- ասաց նա:
Դերասանական գործունեության մասին խոսելիս նա շեշտեց, որ մեծ ցանկություն ունի նկարահանվել գեղարվեստական ֆիլմում: «Պրոֆեսիոնալ անձնակազմի հետ կարող ենք որակյալ արտադրություն ստանալ ու հանձնել հեռուստադիտողի դատին: Լավ դերի համար պատրաստ եմ նաև ամբողջությամբ սափրել գլուխս»,- ասաց Սոնան:
Ամբողջությամբ՝ tert.am