«Ռուզանին հարցնում էին՝ ինչու էլ երեխա չեք ունենում, ասում էր՝ Հարութը տանը չի լինում, ե՞րբ ունենանք». ինչպե՞ս են ծանոթացել Ձախ Հարութը և իր սիրելի կինը
Advertisement 1000 x 90

«Ռուզանին հարցնում էին՝ ինչու էլ երեխա չեք ունենում, ասում էր՝ Հարութը տանը չի լինում, ե՞րբ ունենանք». ինչպե՞ս են ծանոթացել Ձախ Հարութը և իր սիրելի կինը

Հարութ Փամբուկչյանի երգերի ներքո մի ամբողջ սերունդ է մեծացել: Նա սիրված ու հայտնի է ոչ միայն իր երկրի ներսում, այլև ամբողջ աշխարհում:

Նա ծնվել և մեծացել է Երևանում՝ Նոր Արեշ թաղամասում: Մանկության ու պատանեկության հետ կապված վառ հուշեր ունի. «Եթե հնարավորություն լիներ կրկին ծնվել, կուզեի նույն մանկությունն ու երիտասարդությունն ունենալ: Մենք շատ լավ էինք ապրում. ես ոչ մի բանի կարիք չեմ ունեցել: Ժամանակներն այլ էին, բայց հրաշալի ժամանակներ էին»:

Մասնագիտությամբ նկարիչ-քանդակագործ Հարութ Փամբուկչյանը վաղ հասակից փորձել է երաժշտական տարբեր գործիքներ նվագել. «Այդ տարիներին նորաձև էր ակորդեոնը, ծնողներիս խնդրեցի ինձ համար էլ գնել: Բայց քանի որ ամեն ինչ սուղ էր, ինձ համար կիթառ գնեցին: Այդպես էլ կիթառը կապեց ինձ երգի և երաժշտության հետ»: Նա առաջին անգամ ձախ ձեռքով է սկսում կիթառ նվագել, հենց այդ օրվանից էլ ընկերները նրան Ձախ Հարութ են կոչում:
Հոր մահից հետո 25-ամյա Հարութը մայրիկի հետ մեկնում է Լիբանան, որտեղ երկու ամիս անց քաղաքացիական պատերազմ է սկսվում, և նրանք ստիպված մեկնում են Միացյալ Նահանգներ.«Մենք սոցիալական պայմանների պատճառով չլքեցինք երկիրը, պարզապես այն երազանքները, որոնք ունեի երգի հետ կապված, այստեղ հնարավոր չէր իրագործել»:

Լոս Անջելես գալու առաջին օրվանից նա սկսում է երգել. «Հունական մի ռեստորան կար, որտեղ միայն կիրակի օրերին հայկական երաժշտություն էր հնչում: Տնօրենը երբ լսեց կատարումս, միանգամից աշխատանք առաջարկեց: Այդպես էլ սկսեցի: 4-5 ամիս հետո ձայնագրեցի առաջին ձայնապնակս, որը մեծ հաջողություն ունեցավ. մեկ շաբաթում 3000 օրինակ վաճառվեց: Ստեղծագործական կյանքիս ընթացքում թվով 39 ալբոմ եմ ձայնագրել: Ունեմ անգամ ոսկե սկավառակ, որի վաճառքը 1 միլիոնից ավելի է: Այսօր էլ շարունակում եմ սիրելի գործով զբաղվել: Համերգներ եմ ունենում աշխարհի ամենատարբեր երկրներում: Գիտեք՝ երջանիկ է այն մարդը, ով կարողանում է հանապազօրյա հացը սիրած գործով վաստակել»:

Հարութ Փամբուկչյանը կնոջ՝ Ռուզաննայի հետ ծանոթացել է Երևանում. «Ամուսնացա մի աղջկա հետ, ով մեր՝ «Էրեբունի» նվագախմբում երգում էր 12 տարեկանից: Երբ պատրաստվում էինք Լիբանան տեղափոխվել, առաջարկեցի միասին մեկնել: Այդպես 38 տարի ապրեցինք միասին… Կորցրի նրան քաղցկեղի պատճառով: Նա ամեն ինչ է արել ինձ համար: Որդի ունեմ: Երբ Ռուզանին հարցնում էին՝ ինչու էլ երեխա չեք ունենում, կատակում էր՝ Հարութը տանը չի լինում, ե՞րբ ունենանք: Ընդունում եմ, որ կատարյալ ամուսին չեմ եղել, բայց ընտանիքիս շատ նվիրված եմ եղել»:

«Ռուզանը միշտ իմ կողքին է եղել նաև աշխատանքային առումով։ Ինձ ասում էր` որտեղ էլ երգես, պիտի պատվախնդրորեն բեմ բարձրանաս, լավ երգես։ Ես իմ կյանքն ապրել եմ իմ ուզած ձևով, իրեն շատ եմ նեղացրել, և հիմա դա է ինձ ցավեցնում։ Ախր կարող էի չանել այդպիսի բաներ։ Իր հիշատակի առաջ ուզում եմ մաքուր մնալ և անել այն, ինչն իրեն կուրախացներ։ Հոգեպես դա է հանգստացնում ինձ…»:

Սիրված երգչի կյանքից հետաքրքիր դեպքերի մասին կարող եք կարդալ այստեղ:

nurblog.info