Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը ստիպված էր հատուկ վերելակով ինքնաթիռ նստել, որը շաբաթ օրը նրան Մալթա էր տեղափոխում։ Վատիկանի մամուլի խոսնակ Մատեո Բրունին ասել է, որ այդ քայլն «անհարկի լարվածությունից խուսափելու համար էր», հաղորդում է Reuters-ը:
Սա պոնտիֆիկոսի 36 արտասահմանյան ուղեւորություններից առաջինն էր, որտեղ նա ինքնուրույն չէր բարձրացել ինքնաթիռի աստիճաններով։ 85-ամյա Հռոմի պապը, ով երկօրյա այցով գտնվում է Մալթայում, տառապում է ռադիկուլիտով՝ նյարդային հիվանդություն, որը ցավ է առաջացնում ոտքերում:
Հուլիսին Պապան 11 օր հոսպիտալացվել էր հաստ աղիքի մի մասի հեռացման վիրահատության համար: Հանգստից հետո սեպտեմբերին նա հյուծիչ ուղեւորություն կատարեց դեպի Հունգարիա եւ Սլովակիա։
Դրանից հետո նա ընդհանուր առմամբ առողջ էր, բայց երբեմն գանգատվում էր ոտքի եւ ծնկի ցավերից։