ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ մարտի 17-ին խորհրդարանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ձվի շուկայում առկա իրավիճակի, դրա կապակցությամբ արտադրողների կողմից դիրքորոշումների ներկայացման, ոլորտում խնդիրների առաջացումը կանխարգելելու առաջարկությունների ներկայացման վերաբերյալ։
Թագուհի Թովմասյանն ավելի ուշ լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ, լսելով դաշտի դերակատարների բոլոր տեսակետները, իր մոտ այնպիսի համոզում է ձևավորվել, որ Սուրբ Զատիկին ձվի դեֆիցիտ ենք ունենալու, և եթե հավկիթի ներկրմամբ ժամանակին չզբաղվեն, ինչպես եղել է անցած տարի, ապա մենք ունենալու ենք այդ խնդիրը, որովհետև արհեստական գնանկում է տեղի ունեցել հավկիթի շուկայում:
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝ կերի ներկրման հարցում ոլորտում լուրջ խնդիր կա:
«Թռչնի կերը լուրջ խնդիր է, պահուստներն արդեն վերջանում են: Իսկ թռչնամիս նոյեմբերին այնքան ենք բերել ու լցրել, որ հիմա բավարարում է: Մսի խնդիր չկա, ձվի էլ չի լինի: Այստեղ ամբողջ հարցը գնին է վերաբերում: Եթե կերը շարունակի այսպես թանկանալ կամ չլինել՝ պարզ է, որ ձվի գինն էլ պետք է բարձրանա: Իսկ հիմա շուկայում ձուն արժե 60-90 դրամ, ու համարում ենք, որ կայունացել է, ոչ թե գինն է բարձրացել: Երկու ամիս վնասով աշխատեցին, հիմա այդպես չեն աշխատում:
Պատկերացրեք, ամեն շաբաթ կերի գինը բարձրանում է 1.2-2 տոկոսով: Առաջ ցորենը բերում էին 210 դոլարով, իսկ հիմա դարձել է 430-440 դոլար: Այն հիմնականում ներմուծում ենք Ռուսաստանից ու Ուկրաինայից: Կարևոր է, որպեսզի Կառավարությունը կարողանա օգնել արտադրողին՝ կերը Հայաստան հասցնել: Ճանապարհի խնդիրը, գնի հարցը պետք է լուծել, հակառակ դեպքում բոլորը դնելու են եղած գլխաքանակը մորթեն, իսկ վերականգնելու համար տարիներ են պետք»:
Անի Կարապետյան