«Նախկինում արտադրված տոպրակներով մթերք են սպասարկում մարդկանց, և ոչ ոք չի ասում՝ ի՞նչ եք անում»․ բնապահպան
Advertisement 1000 x 90

«Նախկինում արտադրված տոպրակներով մթերք են սպասարկում մարդկանց, և ոչ ոք չի ասում՝ ի՞նչ եք անում»․ բնապահպան

Անցած գարնանը՝ ապրիլին, Ազգային ժողովը փոփոխություն կատարեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում, և հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործումն արգելվեց՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված և երկրորդային հումքից պատրաստված տոպրակների:

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցները հունվարի 20-ից սկսեցին ստուգայցեր իրականացնել:

«Միկրոմետրով կատարվում են չափումներ: Եթե տոպրակի հաստությունը 50 միկրոնից ցածր է, ապա տնտեսվարողները Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով ենթարկվում են պատասխանատվության: Տուգանքի չափը 20.000-30.000 դրամ է»,- ընդգծել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Սակայն, ինչպես նկատել են բնապահպաններն ու քաղաքացիները՝ ամենուր պոլիէթիլենային տոպրակներ են:

«Միայն գները բարձրացրին, ուրիշ ոչ մի բան: Դա ոչ թե արգելք էր, այլ՝ տոպրակներն անիմաստ թանկացնելու ձև: Այդ արգելքն ավելի շատ տնտեսվարողին օգուտ տվեց. նախկինում անվճար կամ 10 դրամանոց տոպրակի համար՝ հիմա 45 դրամ ես վճարում»,- սոցիալական ցանցերում դժգոհում են քաղաքացիները:

«Խնդիրն այն է, որ տարբերություն կա միայն սուպերմարկետների տոպրակներ մեջ, այն էլ՝ այն տոպրակների, որտեղ մթերքն արդեն դրամարկղի մոտ լցվում է մեջը, բայց այն տոպրակները, որոնք կախված են ներսում, բանջարեղեն և այլ ապրանքներ վերցնելու համար, դրանց որակը չի փոխվել, ինչպես կային, այնպես էլ մնացել են՝ բնության մեջ չլուծվող և բնությանը վնաս տվող: Մասնավոր սեկտորում նայեք, թե ինչ է կատարվում. նախկինում արտադրված տոպրակներով մթերք են սպասարկում մարդկանց, և ոչ ոք չի ասում՝ ի՞նչ եք անում: Տեսչական մարմինն իր գործառույթները չի կատարում, և հետո ես առաջարկել էի, որ ցելոֆանե տոպրակների գինը համարժեք լինի կտորե տոպրակի գնին, բայց 40 դրամ դարձան, ու մարդկանց 50 տոկոսը գնում է: Խնդիրը գլոբալ լուծում չի ստացել»,- մեզ հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:

Բնապահպանն անդրադարձ կատարեց նաև պլաստմասսե շշերին, որոնք ևս վնաս են հասցնում բնությանը:

«Եթե նկատել եք՝ կաթնամթերքի 80 տոկոսը պլաստմասսե տարաների մեջ է: Այդ ամենը գնում է աղբավայր: 20 տոկոսն է, որ բարձր գին ունի, ապակյա տարաների  մեջ է, որակն էլ լավն է: Պետք է համակարգված աշխատել»,- ընդգծեց նա:

Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում  նշել է, որ արտադրողների շրջանում իրականացրած հարցումների արդյունքը ցույց է տվել, որ կա արտադրական ծավալի կրճատում, ինչպես նաև կան փոքր արտադրողներ, որոնք արդեն փակվել են:

«Բայց, իհարկե, ես համաձայն եմ,  որ մենք այն արդյունքը չենք ստացել, ինչը, միգուցե, ակնկալում էինք: Այստեղ ավելի շատ հսկողության բացն է մի փոքր, բայց պետք է նշեմ, որ այդ հսկողությունն իրականացնող մարմինների հետ մենք  պարբերաբար աշխատում ենք: Եթե մենք հսկողությունն ուժեղացնենք, օրենքի նշանակությունը, կարծում եմ, արդարացված կլինի»,- ասել  է Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետը:

Մասնագետը մի կողմից էլ նշել է, որ տոպրակների հաստացման պարագայում աղբանոցներից և շրջակա միջավայրից հավաքագրումը դարձել է ավելի հեշտ  և ավելի շատ է հավաքվում, ինչը հետագայում հանձնվում է վերամշակման:  Նախկինում նույնպես իրականացվում էր, բայց բարակ տոպրակները հավաքելն ավելի դժվար էր, քանի որ հավաքողները կիլոգրամով էին հանձնում և կիլոգրամի դիմաց էին վճարվում: Այս նոր, ավելի հաստ տոպրակների դեպքում ավելի ձեռնտու է դառնում այդ գործընթացը:

«Մենք  առաջին եռամսյակից հետո կիրականացնենք ստուգումներ, հարցումներ՝ հասկանալու համար, թե արդյո՞ք պոլիէթիլենային տոպրակների վաճառքի  ծավալները նվազել են, որո՞նք են թերացումներն ու բացերը»,- եզրափակել է Լուսինե Ավետիսյանը:

Անի Կարապետյան