Պետական գույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկած նախկին մեքենան։ Կառավարությունը նոյեմբերին որոշել էր մոտ 200 000 դոլար հատկացնել Սիմոնյանի համար նոր ծառայողական՝ BMW 750 LI Xdrive մակնիշի մեքենա ձեռք բերելու համար։ Այդ պատճառով հին մեքենան Պետգույքի կառավարման կոմիտեն որոշել է օտարել։
Կառավարության այս որոշումը քննադատության ու բողոքի առիթ դարձավ, չնայած դրան՝ Սիմոնյանի համար BMW-ի հայաստանյան ներկայացուցչությունից՝ «Եվրոմոթորս»-ից այդ մեքենան գնվեց։
Իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին՝ Սիմոնյանին սպասարկող հին BMW-ն վատ վիճակում էր։ ԱԺ նախագահն ինքը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասում էր՝ մեքենան ամեն ամիս ու ամեն շաբաթ նոր խնդիր էր առաջացնում. «Դեպք է եղել, որ ընթացքի ժամանակ ստիպված ենք եղել կանգնելու, քանի որ մեքենան մի պահ դարձել է անսարք ու վարելու համար ոչ ունակ»,- ներկայացնելով հին BMW-ի խնդիրները՝ ասում էր Սիմոնյանը։
ԱԺ նախագահին նոր ծառայողական մեքենա գնելու որոշումը հիմնավորում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ տասնյակ միլիոնավոր դրամներ էին տրամադրվում այդ մեքենայի սպասարկման վրա։ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Գևորգ Պապոյանն ավելի հեռուն էր գնացել՝ հայտարարելով, որ այդ BMW-ի «փոխանցման տուփը չէր աշխատում», իսկ նոր BMW-ի գնումը պետք էր ու տեղին։
Պետական գույքի կառավարման կոմիտեն, սակայն, ԱԺ նախագահի հին ծառայողական BMW-ի տեխնիկական վիճակը բնութագրելիս նշել է, որ փոխանցման տուփն ու շարժիչը սարքին են, իսկ թափքը վնասվածքներ չունի։ Ավտոմեքենան գնահատվել է 7,1 միլիոն դրամ, ինչը գույքի մեկնարկային գինն է։ Ուշագրավ է, որ կոմիտեի՝ վաճառքի հանած շատ այլ մեքենաների տեխնիկական վիճակը ակնհայտորեն բնութագրվում է շատ ավելի վատ։ Օրինակ, Hyundai Elantra-ներից մեկի տեխնիկական վիճակի բնութագրում նշված է, որ շարժիչն ու թափքը ենթակա են վերանորոգման, նույնը՝ վաճառվող մեկ այլ մեքենայի՝ GMC Savana-ի դեպքում է։
Ալեն Սիմոնյանին սպասարկած նախկին մեքենայի դեպքում, սակայն, կոմիտեն այսպիսի նկատառումներ չունի։