Առավոտյան վատ զգալու երեք հիմնական պատճառ
Advertisement 1000 x 90

Առավոտյան վատ զգալու երեք հիմնական պատճառ

Շատ մարդիկ դժգոհում են առավոտյան վատ զգալուց։ Հոգեթերապեւտ Եկատերինա Միսեւիչը հավաստիացրել է, որ այդ վիճակը երեք հիմնական պատճառ ունի։

Ասթենիա

Ինչպես տեղեկացրել է «Вечерняя Москва» պարբերականը, առավոտյան տկարության հիմնական պատճառներից մեկը հոգեթերապեւտը համարել է ասթենիան։

«Ասթենիան այն վիճակն է, երբ օրգանիզմը ֆիզիկական եւ հոգեկան ուժերի անկում է զգում՝ առանց որեւէ լրացուցիչ ծանրաբեռնվածության։ Կենսական էներգիայի մակարդակի նվազումը չի լրացվում հանգստից կամ գիշերվա քնից հետո։ Դա կարող է վկայել աշխատանքի եւ հանգստի միջեւ հավասարակշռության խախտման, գլխուղեղի ախտահարման կամ ադապտացիայի խանգարման մասին»,- ասել է Միսեւիչը։

Դեպրեսիա

Քնից կամ հանգստից հետո վատ զգալու երկրորդ պատճառը, ըստ բժշկի, կարող է լինել դեպրեսիան։ Այդ հիվանդությունը կարող է ուղեկցվել վաղ արթնանալով՝ առանց զարթուցչի, վատ տրամադրությամբ, մոտիվացիայի բացակայությամբ եւ սեփական չկայացածության մեղքի զգացողությամբ։

Տագնապային խանգարում

Առավոտյան վատ զգալու երրորդ պատճառը կարող է լինել տագնապային խանգարումը։ Մշտապես լարված կյանքը, սթրեսի, տագնապի եւ հոգնածության զգացողությունը, ըստ մասնագետի, կարող են դառնալ տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ։ Հոգեթերապեւտը նախազգուշացրել է, որ նման խանգարումների դեպքում շատ կարեւոր է ինքնաբուժմամբ չզբաղվելը, անհրաժեշտ է միանգամից դիմել բժշկի, որպեսզի վիճակն ավելի չվատանա եւ օրգանիզմին վնաս չհասցվի։

news.am