Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Արդաշես «Արդի» Քասախյանը երեքշաբթի՝ ապրիլի 5-ին, ընտրվել է քաղաքապետի պաշտոնում։ Քասախյանն այս պաշտոնում կփոխարինի Փոլա Դիվայնին, հայտնում է asbarez.com-ը:
Քասախյանն առաջին անգամ է զբաղեցնում քաղաքապետի պաշտոնը:
Կայքի փոխանցմամբ, Քասախյանը ծնվել է Բոստոնում, Գլենդեյլում է բնակվում 1986 թվականից:
Մինչ քաղաքային խորհրդում ընտրվելը, Քասախյանը 15 տարի աշխատել է որպես Գլենդեյլի քաղաքային գործավար: Նա 4 անգամ վերընտրվել է այդ պաշտոնում:
«Իմ կարիերայի մեծ մասը ես նվիրել եմ Գլենդեյլի բնակիչներին ծառայելուն: Սկզբից որպես քաղաքային գործավար, հետո քաղաքային խորհրդի անդամ, իսկ հիմա որպես քաղաքապետ ես կշարունակեմ ծառայել այդ մեծ հանրությանը եւ ապահովել նրա ապագան: Ես հպարտ եմ այդ հնարավորությամբ եւ շնորհակալ եմ իմ գործընկերներին, որ վստահեցին ինձ»,-ասել է նա: